Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ կենսակերպի փոքրիկ «խախտումներն» են կերտում մեր կյանքի լավագույն պահերը

Հունվար 02,2023 19:48

Նոյեմբերի 1-ից սկսեցի ամեն օր կանոնավոր կերպով գրել առողջ ապրելակերպի մասին՝ ընթացքում ինքս ինձ համար բացահայտելով փաստեր, որոնց հաստատ կհանդիպեի տարիներ առաջ, եթե բախտ վիճակվեր Բժշկական համալսարանում սովորելու (կամ եթե քիմիայի ուսուցչուհիս 7-րդ դասարանում չհանդիմաներ ինձ ավելորդ հետաքրքրասիրության համար, ու ես չտարվեի գրականությամբ)։

Այս ընթացքում փորձեցի ի մի բերել մասնագետների կողմից առաջարկվող այն հիմնական քայլերը, կանոններն ու ուղիները, որոնց հետևելով՝ մարդը պետք է որ քաջ առողջություն ունենա։ Վիտամինների, հանքանյութերի, ֆլավոնոիդների ու կարճ շղթայական ճարպաթթուների առանձնահատկություններն ու ազդեցության մեխանիզմները տարբերակելուց և այդ ընթացքում ամենուր հակաօքսիդանտներ ու ազատ ռադիկալներ գտնելուց հետո, սակայն, ես հասկացա, որ իրականում առողջ ապրելակերպ վարելն այնքան էլ հեշտ չէ։

Պատկերավոր ասած՝ դու պարզապես պետք է «կողքի դնես» քո բոլոր գործերն ու սկսես կանոնավոր կերպով հետևել զարկերակային ճնշմանը, արյան մեջ շաքարի, խոլեսթերինի մակարդակին, տարվա մեջ մի քանի սքրինինգային հետազոտություններ անցնես, օրվա մեջ չմոռանաս գոնե կես ժամ ֆիզիկական վարժություններ կատարել, քայլել, լողալ, ձգվել, նստած դիրքում մնալիս ամեն ժամը մեկ վեր կենալ ու պտտվել սենյակում, հոգալ սրտի, լյարդի, երիկամների ու առհասարակ բոլոր օրգանների առողջության մասին՝ ընթացքում անընդհատ ջուր խմելով ու ամենատարբեր սննդանյութերով հարուստ սնունդ ընդունելով՝ չմոռանալով, որ հենց այդ նույն սնունդը մեկի համար կարող է շատ օգտակար լինել, իսկ քեզ համար՝ ոչ, քանի որ դու հազարից մեկն ես, որը տառապում է, օրինակ,  գլյուտենային անտանելիությամբ՝ ցելիակիայով։ Հա, մոռացա, այդ ընթացքում ամեն գնով խուսափես սթրեսից, քանի որ, չգրված կանոն է, բոլոր հիվանդությունները սթրեսից են լինում։

Եվ մինչ իմ գլխում (Բժշկականի երրորդ կուրսեցու նման զինված ամենատարբեր հիվանդությունների մասին գիտելիքներով) կառուցում էի սեփական առողջությանս հետևելու ռազմավարությունը՝ խախտեցի հնարավոր բոլոր կանոնները՝ մոռանալով քնի ու ֆիզիկական մարզումների մասին, համակարգչի առջև ժամերով նստելով և ամենաանհարմար պահերին ուտելով հնարավոր բոլոր քաղցրավենիքները ու, ինչ մեղքս թաքցնեմ, գինին երբեմն կոնյակի հետ համադրելով ու ջրի մասին չհիշելով ընդհանրապես։ Ու այդ ամենը՝ համեմված սթրեսի տպավորիչ չափաբաժնով։

Կարճ ասած՝ առողջ ապրելակերպի անցնելու ճանապարհին ես սկսեցի նմանվել այն հազարոտնուկին, որին երբ հարցնում են՝ ինչպե՞ս ես քայլում միաժամանակ այդքան շատ ոտքերով, սկսում է մտածել ու վայր է ընկնում՝ ինքն էլ զարմանալով, թե  ինչպես էր նախկինում ճիշտ դասավորում ոտքերը։

Եվ իսկապես, նախկինում ես հետևում էի առողջ ապրելակերպի կանոններին՝ առանց դրանց մասին մտածելու, իսկ փոքրիկ խախտումներն ամենևին էլ մեղքի զգացում չէին առաջացնում․․․ Ի վերջո, առողջ կենսակերպն իրականում սահմանվում է ոչ թե կանոններով, այլ այն զգացողություններով, տպավորություններով ու ապրումներով, որոնք ամեն օր մեզ ավելի երջանիկ են դարձնում․․․ Առողջության օրենքներն իմանալն ու դրանց հետևելը շատ կարևոր է, բայց և անսահման կարևոր են այն փոքրիկ «խախտումները», որոնք մենք թույլ ենք տալիս մեր կյանքի լավագույն պահերը կերտելու ճանապարհին․․․

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031