Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Հանդում միշտ երդիկներից պիտի ծուխ դուրս գա․ Ամանորը սահմանամերձ գյուղում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 02,2023 11:03

12-ամյա Արկադին Կապանի թիվ 3 դպրոցում է սովորում։ Ձմեռային արձակուրդի առաջին իսկ օրն էլ Ներքին Հանդ է եկել՝ տատիկի ու պապիկի մոտ։ Ծնողներն էլ եկել․ 2023 թվականը այստեղ են դիմավորելու։ «Ինչի՞ց վախենամ, կրակոցներ են էլի, մեկ-մեկ ձայներ են լսվում, բայց գյուղում հետաքրքիր է»,-ասում է Արկադին։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Ներքին Հանդը հայտնվել է թշնամու ուղիղ դիտակետում։ Մի քիչ կյանքը փոխվել է՝ ավելի զգույշ են դարձել, բայց ապրում են իրենց առօրյայով։ «Իսկ ո՞վ է ասել, որ չպետք է սեղան բացենք, մի-մի բաժակ խմենք, թուրքն էլ տեսնի՝ տրաքվի»,-ասում է Հասմիկ Ղազարյանը։

Գյուղի համար վտանգավոր օրերին էլ չի լքել գյուղը․ ամուսնու, տղայի ու հարսի, թոռան հետ է ապրում։ Կապանից մյուս որդին էլ է եկել երեխաների հետ, որպեսզի 2023-ը միասին դիմավորեն։

«Պատրաստվել ենք,նշելու ենք,  բայց դե ամեն տարվա նման ճոխ չի։ Ասում են՝ տարին պիտի լավ դիմավորես, որ ամեն ինչ լավ լինի»,-ասում է տիկին Հասմիկը։ Ներքին Հանդեցիներն առաջինը խաղաղության ու նահատակված տղաների կենացն են խմում։ «Մենք տեսել ենք սեպտեմբերի 13-ը, տեսել ենք վիրավորներ տառապանք էր մեզ համար, չենք մոռանա երբեք»,-ասում է մեր զրուցակիցն ու հավաստիացնում, որ Ներքին Հանդը երբեք չեն լքի։

«Միշտ մեր տներից պիտի ծուխ դուրս գա, որ հեռվից տեսնեն՝ նախանձեն․ասեն՝ ինչքան ուժեղ են հանդեցիք»,-մի քիչ ձայնը բարձրացնելով ասում է տիկին Հասմիկը՝ կարծես լսեցնել տալով դիմացի բարձունքում գտնվող հակառակորդին։

2023թ․-ից էլ տիկին Հասմիկը ամենից առաջ խաղաղություն է ուզում ու այնպես լինի, որ Ներքին Հանդում կյանքը դառնա նախկինի պես։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն են դեկտեմբերի 30-ին եղել Ներքին Հանդում, հանդիպել բնակիչների հետ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դստեր՝ Աիդայի հետ է այցելել սահմանամերձ Ներքին Հանդ։  Գյուղացիները բոլորին հրավիրում են հաջորդ օրը միասին նշելու տոնը։ «Գյուղամեջում սեղան ենք բացելու՝ երգենք, պարենք։ Թող դիմացից թշնամի նայի ու վախենա»,-ասում են գյուղացիները։

N զորամասի հրամանատարից թույլտվություն են հարցնում՝ կարո՞ղ են հրավառություն կազմակերպել։ Հրամանատարը մերժում է անվտանգային հարցերից ելնելով։ Չեն ընկճվում՝ այլընտրանքային տարբերակ ունեն։ «Իսկ մի քանի հազար փուչիկ կարո՞ղ ենք տրաքացնել»,-կես կատակ, կես լուրջ հարցնում  են հանդեցիները՝ առաջարկելով հրաժեշտից առաջ խմել իրենց թորած տնական- մաքուր օղին։

Ներքին Հանդեցիների միջոցառումից մեկ դրվագ՝ այստեղ։

Ի դեպ, Ներքին Հանդում իրականացվում է գյուղատնտեսական զարգացման ծրագիր, որի արժողությունը 25 մլն դրամ է։ Բնակիչները հնարավորություն ունեն ընդլայնելու և զարգացնելու իրենց տնտեսությունները։

Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031