Որքան էլ խոսվում է տոնական օրերին գերսնվելուց խուսափելու կարևորության մասին, միևնույն է, շատ հաճախ դժվար է լինում դիմակայել ախորժալի ուտեստների բազմազանությանն ու ամեն ինչից մի քիչ չփորձելու գայթակղությանը։ Արդյունքում շատերն ունենում են ստամոքսում ծանրության, ընդհանուր հոգնածության զգացում, սրտխառնոց, գլխացավ և այլն, որոնցից ձերբազատվելու համար կարելի է հետևել այս պարզ կանոններին՝ հիշելով, որ մեկ անգամ սնունդը չարաշահելը ճակատագրական ազդեցություն չի ունենա ձեր առողջության վրա։
Քայլեք․ Թեթև զբոսանքը կօգնի խթանել մարսողությունն ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Ջուր խմեք․ Իհարկե ոչ այնքան, որ սրտխառնոց առաջանա։
Մեկ բաժակ ջուրը սնունդ ընդունելուց հետո կօգնի ազատվել ավելորդ աղից, որն ամենայն հավանականությամբ ստացել եք սննդի միջոցով։ Դա նաև կօգնի խուսափել փորկապությունից։ Օրվա ընթացքում նույնպես պարբերաբար ջուր խմեք՝ ջրազրկումից խուսափելու համար։
Մի պառկեք
Լիքը ստամոքսով պառկելով կամ քնելով՝ դուք բաց եք թողնում ընդունված կալորիաներն այրելու հնարավորությունը, դրանից բացի դանդաղում է մարսողությունն ու կարող են սրվել թթվային ռեֆլյուքսի ախտանշանները։
Կարդացեք նաև
Խուսափեք գազավորված ըմպելիքներից
Սնունդը «նստեցնելու համար» գազավորված ըմպելիքներ խմելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ դրանք ծանրաբեռնում են մարսողական համակարգը գազերով՝ փքվածության զգացումն էլ ավելի մեծացնելով։
Մարզվեք
Սնունդն ընդունելուց 3-4 ժամ հետո մարզվելը կօգնի այրել ավելորդ կալորիաները, արագացնել նյութափոխանակությունն ու կանխարգելել փորկապությունը։ Իսկ կանոնավոր մարզումներն օգնում են կարգավորել տրամադրությունն ու քաղցի զգացումը, ինչը թույլ է տալիս խուսափել չափից շատ ուտելու հավանականությունից։
Պլանավորեք
Եթե արդեն համադրել եք տապակած հավը, խոզապուխտը, ձուկն ու ընդեղենը տորթի մի մեծ կտորի հետ, ապա անպայման պլանավորեք, թե ինչ եք ուտելու հաջորդ անգամ՝ ընտրելով ավելի պարզ ու թեթև կերակրատեսակներ։
Գիտակցված մոտեցում ցուցաբերեք
Որքան էլ մեծ է ամեն բան փորձելու ցանկությունը, փորձեք գիտակցված մոտեցում ցուցաբերել՝ սնունդն ընդունելով փոքրիկ կտորներով ու դանդաղ ծամելով։ Ստամոքսին մոտ 20 րոպե է հարկավոր՝ գլխուղեղին ազդակներ հղելու, որ արդեն հագեցած է, սակայն եթե դուք հասցնում եք ուտել 5-10 րոպեում, գլխուղեղը չի էլ հասցնում «մտածել», թե ինչքան շատ սնունդ կա ստամոքսում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ