«Հայոց Նոր տարին սկսվում է Գարեգին Նժդեհի ծննդյան տոնից, հայոց տոմարն է սկսվում այսօր, և սա շատ խորը, վեհ խորհրդանիշ է»,- հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի մոտ հայտարարեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։
Գարեգին Նժդեհի արձանի մոտ Տիգրան Խզմալյանն ու իր մի քանի համախոհներ ծածանեցին ՀՀ-ի և Ուկրաինայի դրոշները։
Նա ասաց․ «Երևի շատ քիչ կերպարներ կան հայոց պատմության մեջ, որոնց մասին այլևս չեն վիճում․ բոլորը ընդունում են որպես մեծություն, որպես այն փարոսը, որին մենք պետք է հասնենք, որը մեր փրկության և հաղթանակի գրավականն է։ Ճակատագրի բերումով, Աստծո կամքով համընկավ այնպես, որ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ հունվարի 1-ը նաև Ստեփան Բանդերայի ծննդյան օրն է։ Երկու ազգերի մեծագույն քաղաքական գործիչները խորհրդանշում են այն, որ Նժդեհի գաղափարները, Բանդերայի գաղափարներն ազատության, ապագաղութացման գաղափարները հաղթում են հենց հիմա։ Նժդեհը մահացավ Ստալինի ծննդյան օրը՝ երկու տարի անց․ նա հաղթեց Ստալինին անգամ մահով, Բանդերային սպանեցին Ստալինի գործակալները»։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Տիգրան Խզմալյանն ասաց․ «Ուկրաինայի պատերազմը ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմ է, այլ դա ժողովրդավարության և ազատության պայքարն է բռնապետության դեմ։ Ինչպես Նժդեհը կռվում էր Բուլղարիայում հանուն ազատության, այնպես էլ հայ կամավորները կռվում են հանուն Ուկրաինայի և ՀՀ անկախության։ Փառք Նժդեհին, Բանդերային և հերոսներին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ