ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։
«Այսօր Ֆրանսիան եւս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից:
Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային. Ադրբեջանցի դիվանագետների հիանալի աշխատանք»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դեկտեմբերի 31-ին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»:
Կարդացեք նաև
Նա գրել է, թե Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։
Ըստ Պոլյանսկու, «Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների, ընդ որում այն դեպքում, երբ ռուսական կողմն է Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում հակամարտության կարգավորմամբ»։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- Տելեգրամ ալիքում գրել է Պոլյանսկին:
Նրա խոսքով, ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»: