Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս․ Սուրեն Պապիկյան

Դեկտեմբեր 31,2022 21:56

«Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի:

2022 թվականը նշանավորվեց բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև մեր երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով:

2022 թվականը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա, Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ:

Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել երկու ծրագրերի մասին, որոնք, համոզված եմ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ:

Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է: Իր ճակատագիրը բանակի հետ կապած, ռազմական համալսարան ավարտած յուրաքանչյուր զինծառայող կստանա երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում: Այս նորամուծությունը ոչ միայն էապես կբարելավի ապագա զինծառայողների սոցիալական վիճակը, այլև կկարևորի հայրենիքը պաշտպանելու նրանց բացառիկ առաքելությունը հասարակության, հատկապես՝ բարձրացող սերնդի աչքում:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա կամավորագրվել բանակին, ժամկետային ծառայությունից սահուն անցում կատարել պայմանագրային վճարովի ծառայության: Մենք բանակում խթանելու ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրումը, որ վաղուց կայացած է զարգացած երկրների զինված ուժերում, այդպիսով՝ դնելու ենք պրոֆեսիոնալ բանակի նոր հիմքեր՝ մարտունակ զինված ուժեր ձևավորելու ռազմավարությամբ:

2022-ի շրջանակում ուզում եմ կարևորել նաև առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Սիրելի՛ հայրենակիցներ, չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական՝ բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարմությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին:

Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս: Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիները անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան: Կեցցե՛ Հայաստանը, փառք Հայոց բանակին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ».

Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031