Արցախը շրջափակված է եւ այս պահին Երեւանում մնացած արցախցիները Երեւանի քաղաքապետարանի դիմացից մոմավառությամբ ու քայլերթով շարժվում են դեպի Եռաբլուր: Երթին մասնակցում են Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւ այլք:
Նախաձեռնության մասնակիցները հայտարարեցին, որ սա լուռ քայլերթ է ու որեւէ կոչ չեն հնչեցնելու: Երթը սկսեցին միասնական աղոթքով: Ոստիկաններն ուղեկցեցին երթի մասնակիցներին:
Ստեփանակերտից հոգեւոր հովիվ տեր Վաչագանն ասաց, որ այսօր, երբ ամբողջ աշխարհը տոնում է Ամանորը, ավելի լավ տարբերակ չկար արցախցիների համար, քան ուխտի գնալ մեր սրբազան նահատակների պանթեոն՝ Եռաբլուր. «Այս երթը մեզ հիշեցնում է մեկ բան՝ մենք ունենք միայն 2 ամուր դաշնակից՝ Աստված եւ մենք ինքներս: Խնդրանքս է, որ Եռաբլուր այցելելով ձեր հոգիներում վերանորոգեք ձեր ուխտը եւ խոստում տվեք նահատակներին, որ մենք տեր ենք լինելու Արցախին, որ Արցախը երբեք չի լինելու այլ պետության եւ այլ ազգի սեփականություն: Քանի դեռ մեր այս կամքը անկոտրում է, քանի դեռ մենք պատրաստ ենք Ամանորը նշելու մեր նահատակների հետ, Արցախը միշտ լինելու է հայկական եւ հայի սեփականությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ