Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ վերականգնվի խաղաղությունը, որպեսզի վերջապես երիտասարդությունը կարողանա ամբողջությամբ նվիրվել իր ապագայի կերտմանը. Անն Լույո

Դեկտեմբեր 31,2022 20:37

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ամանորյա ուղերձը

Թանկագին հայ բարեկամնե՛ր,

Թանկագին հայրենակիցնե՛ր,

Մինչ Եվրոպան վշտացած է պատերազմի հետևանքով, և լարվածությունը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, ես ցանկանում եմ, որ 2023 թվականին վերականգնվի խաղաղությունը, որպեսզի վերջապես մեր երիտասարդությունը կարողանա ամբողջությամբ նվիրվել իր ապագայի կերտմանը և ժողովրդավարության ամրապնդման ու կայուն զարգացման համընդհանուր մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետ մեկտեղ:

2022 թվականը Հայաստանի համար ևս մեկ փորձառություններով լի տարի էր՝ պայմանավորված մի քանի արյունալի ներխուժումներով նրա ինքնիշխան տարածք, ինչը մենք վճռականորեն դատապարտել ենք։ Ֆրանսիան շարունակել է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այդ նպատակով նախագահ Մակրոնը վճռականորեն աջակցել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը, ինչը նվազեցրել է լարվածությունը:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ից ի վեր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակմանը, ապա այն անընդունելի է, և հնարավոր է լուրջ մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Ֆրանսիան անմիջապես կոչ արեց անհապաղ և առանց նախապայմանների վերացնել տեղաշարժի խոչընդոտները և հիշեցրեց Ադրբեջանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան Հայաստանի իշխանությունների խնդրանքով նախաձեռնեց թեման ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, հաջորդեց 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրային ձևաչափով նոր արտակարգ նիստը: Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակի իր իրավասությունը այս գործի շրջանակում, և հաշվի առնելով իրավիճակը, կարողանա երկար տարիների ընթացքում առաջին անգամ միաձայն արտահայտվել այս թեմայի շուրջ:

2022 թվականը նշանավորվել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հագեցած շփումներով: Վարչապետ Փաշինյանը մարտ և սեպտեմբեր ամիսներին մեկնել է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, ում հետ հանդիպում է ունեցել է նաև Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ և Ջերբայում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Կայացել են մի շարք նախարարական այցեր, մասնավորապես Փարիզում տեղի են ունեցել նոյեմբերին ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի՝ նախարար Կատրին Կոլոնային հետ և հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Սեբաստիան Լըքորնյուի հետ հանդիպումները: Հունիսին Լիոնում կայացած ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը հնարավորություն ընձեռեց մեկնարկել նոր նախագծեր, մասնավորապես Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև: Այս երկկողմ փոխանակումները շարունակական կլինեն 2023 թվականին, մասնավորապես Ազգային ժողովի նախագահ տիկին Բրաուն Պիվետի Երևան այցով։

2022 թվականին նշեցինք ֆրանս-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, որը առիթ էր վերհիշելու 30 տարվա բարեկամության հիմնական փուլերը։ Այս առիթով մարտի 9-ին պարոն Մակրոնի և պարոն Փաշինյանի կողմից Փարիզում մեկնարկած «Հավակնություններ՝ Ֆրանսիա –Հայաստան » ֆորումը համախմբեց այս հարուստ համագործակցության բոլոր դերակատարներին՝ վարչական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաներին, ձեռնարկություններին։ 2023 թվականին մենք կշարունակենք մեր միասնական ջանքերը՝ խթանելու Հայաստանի զարգացումը և ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները, հատկապես Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով, որն այս տարի Հայաստանին տրամադրեց պետական քաղաքականության խոշոր վարկ և դեկտեմբերին գրասենյակ բացեց Երևանում, ինչպես նաև տնտեսական բաժին դեսպանությունում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ֆրանս-հայկական տնտեսական ճանապարհային քարտեզի մշտադիտարկմանը՝ Եվրամիության հետ ՀԸԳՀ համաձայնագրով սահմանված համատեքստում և վերջինիս նպատակներին համահունչ։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր մեծահոգաբար ներգրավված են եղել, հաճախ տարիներ շարունակ, մեր երկու երկրների միջև համագործակցության նախագծերում և նրանց, ովքեր մարմնավորում են մեզ միավորող յուրահատուկ կապը:

Ի վերջո, Ֆրանսիան շարունակում է իր գործունեությունը կրթական և մշակութային ոլորտներում՝ շնորհիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի, որոնց սովորողների և աշխատակիցների թիվը մշտապես աճում է, ինչպես նաև Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման շնորհիվ, որը կսկսի իր գործունեությունը 2023 թվականին և կաջակցի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։ «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում » ծրագրի մեկնարկը 2022 թվականին նշանավորեց Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի կողքին իր մշակութային ժառանգության արժևորման հարցում:

Թանկագին հայրենակիցներ, Հայաստանում ֆրանսիական համայնքի անդամներ, շնորհակալություն եմ հայտնում ֆրանս-հայկական հարաբերություններում ձեր ամենօրյա հանձնառության համար։ Ինչպես 2022 թվականին, այս տարի նույնպես Հյուպատոսական բաժինը կլինի ձեր կողքին՝ աջակցելու վարչական և քաղաքացիական կացության հարցերում՝ տրամադրելով անհրաժեշտ օգնություն։

Ֆրանսիական կառավարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ամենայն բարիք գալիք 2023 թվականում։ Թող լինի խաղաղության և բարեկեցության տարի Հայաստանի, և երջանկության և առողջության տարի ողջ հայության համար։

Անն ԼՈՒՅՈ

Հայատանում Ֆրանսիայի դեսպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031