ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Անցնող 2022 թվականը Հայաստանի և Արցախի համար հերթական փորձությունների տարի էր։
Հայ ժողովրդի բնաջնջման և Արցախի հայաթափմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները դեռ շարունակվում են, ինչի արձանագրումն Արցախում տիրող ներկա իրավիճակն է։
Սակայն հույսով ու հավատով լեցուն՝ արցախահայությունն այսօր էլ շարունակում է իր արժանապատիվ պայքարը հանուն ազատության, սեփական երկրում ու հողում ապրելու իրավունքի և Արցախի հայկական լինելու։
Ժամանակն ու պատմությունը ցույց են տալիս, որ ամենաբարդ իրավիճակներում մենք, որպես ժողովուրդ, ավելի ուժեղ և կամային ենք դառնում, ծնում նոր առաջնորդներ, որոնք ի վիճակի են ստանձնել մեր երկիրը ոտքի կանգնեցնելու և դեպի առաջ ու զարգացում տանելու պատասխանատվությունը։
Կարդացեք նաև
Ես վստահ եմ, որ 2023 թվականը կարող է բեկում բերել մեր պատմության մեջ և շրջել անլուծելի թվացող դժվարությունների էջը։ Դրա համար յուրաքանչյուրիս նվիրումն ու հավատն է պետք մեր երկիրը զարգացնելու գործին։
Գալիք տարում բոլորիս անհատական ու միասնական գաղափարախոսությունը պետք է դառնա ժամանակի վերաիմաստավորումը, ապրելու երկիր, հզոր ու կարող Հայաստան կառուցելն ու այդ ճանապարհին մեր անելիքների նախանշումն ու դրանց ուղղությամբ պատասխանատու աշխատանքը։
2023 թվականին մեր առաքելությունը պետք է լինի անել առավելագույնը հանուն հզոր, անվտանգ ու զարգացած Հայաստանի և Արցախի տեսլականի։
Խաղաղություն մեր միասնական հայրենիքին և հայ ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։