Ամեն տարի հունվարի 1-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը տոնական համերգ է ունենում: Դա դասական երաժշտության ոլորտի ամենահայտնի ամանորյա համերգն է, որը կազմակերպվում է 1939 թվականից: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Վիեննա գալա» տոնական ծրագիրը եւս իսկական իրադարձություն էր: Այն մեկնարկեց համերգասրահի բակից, իսկ Արամ Խաչատրյան համերգասրահը հատուկ տոնական զարդարանքով էր: Կարճ ասած՝ վիեննական շունչը Երեւան էր տեղափոխվել:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հայտնի և սիրված վալսեր, պոլկաներ, օպերետների նախերգանքներ, արիաներ ու զուգերգեր, որոնք հատկապես բնորոշ են ամանորյա տոնական երեկոներին:
Երեկոյի մենակատարներն էին օպերային երգիչներ Լուսինե Մակարյանն ու Հովհաննես Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Համերգը ղեկավարելու համար հատուկ Ֆրանսիայից ժամանել էր դիրիժոր Սուրեն Շահիջանյանը: Ամեն կատարմանը հաջորդում էին բուռն ծափահարություններն ու բավոները:
Անշուշտ, այս դժվարին օրերին նման երեկոներն իրենց առկայծումներով «կտրում» են հուսահատության թելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ