Լրահոս
Օրվա լրահոսը

Երևակայության հեքիաթային ուղին

Դեկտեմբեր 31,2022 13:44

Հեքիաթը՝ որպես ժանր, պարզ է և բարդ միաժամանակ: Պարզ է, քանի որ աշխարհը հստակորեն բաժանվում է վատի և լավի, հերոսները կամ բացառապես դրական, կամ շեշտակի բացասական կերպարներ են, բարին էլ միշտ հաղթում է: Իսկ բարդ է, քանի որ պարզությունը ընդամենը թվացյալ է: Մեր օրերին հեղինակը պետք է օժտված լինի արտակարգ երևակայությամբ, որպեսզի ստեղծի իր սեփական՝ ճանաչելի և ինքնատիպ հեքիաթային իրականությունը: Դա լիովին հաջողվել է «Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս» հեքիաթի հեղինակ Նունե Սարգսյանին:

Այստեղ և՛ չարամիտ ու նենգ Գռաքոման է՝ աշխատասեր, բայց թշվառ գլխակոնդիկների ստորերկրյա թագավորության տիրուհին, և՛ Լիզարդոս մողեսների գահընկեց, բայց չպարտված թագաժառանգ խիզախ Բազիլիսկուսը, և՛ գարշելի, արյունախում սպարապետ Ահարոնը: Ընդ որում, Նունե Սարգսյանը հմտորեն և աննկատ կերպով սրամիտ զուգահեռներ է անցկացնում երևակայության արգասիքի և ժամանակակից իրականության միջև՝ ընդհուպ մինչև բամբասկոտ հարևաններ, ոստիկանական մեքենա և երթևեկության տրամվայ:

Մանկական հեքիաթը պետք է գնահատվի, առաջին հերթին, այն բարության լիցքով, որը կրում է բռնության մեր դաժան աշխարհում, և այն արժեքներով, որոնք քարոզում է: «Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս» պատմության բարության լիցքն անսահման է՝ խղճում ես անգամ անխիղճ Գռաքոմային. չէ՞ որ նա մանկուց զրկված է եղել ծնողական սիրուց՝ անպետք ու անտեր պատսպարվել է գլխակոնդիկների թագավորությունում: Ինչ վերաբերում է քարոզվող արժեքներին, ապա դրանք կարևորագույնն են մարդկանց համար՝ ընտանիքը, երեխաները, կարեկցանքը դեպի մերձավորը և ամենակլանիչ սերը: Հենց անսահման սերն է մարդկության բարեկեցության աղբյուրը, խորհրդավոր գաղտնիքը և ապագա սերունդների գոյության գրավականը, միայն սերը կփրկի մարդկությունը կործանումից: Անգամ մարդկանց մութ արարքներից սարսափող Բազիլիսկուսը, տեսնելով Դավիթի և Հայկի անկեղծ ու մաքուր բարությունը, դառնում է սխրանքի ընդունակ, հավատարիմ պաշտպան:

Կարևոր է նաև Նունե Սարգսյանի պատկերավոր, վառ և հյութեղ լեզուն, որը երեխաների մեջ կսերմանի սեր դեպի մայրենին, դեպի հայոց լեզվի անսպառ հարստությունները:

Համոզված եմ, որ հեքիաթներ կարող են ստեղծել միայն լուսավոր մարդիկ, քանզի այդ աշխարհ տանող ճանապարհը ուրիշներին արգելված է:

Հասմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Երևանի պարավեստի պետական քոլեջի փոխտնօրեն
ՀՀ վաստակավոր մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Վերջապես, չեմ հասկանում, էս գրող-մրողները ի՞նչ են կպել էրեխեքի ջաններին։ Կարդում ես Հովհաննես Թումանյանի «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետն» ու զարզանդում ես։ Մի վերնագրին նայեք։
    Կամ էլ, Աղայանի «Զանգի-Զրանգին»։ Հիշում եմ, մղձավանջային գիշերներ եմ ունեցել մեկ-մեկ` երբ տատս ուշ գիշերով նման հեքիաթներ էր պատմում, իբր` լավ բան էր անում։
    Թող էրեխեն զարգանա…
    է´ս ա…
    Հանրահայտ հեքիաթագիր Անդերսենի հեքիաթները պարզապես սպանում են դեպրեսիայով։
    Ինչ-որ դիվական կապակցվածություն կա այս ամենում, որովհետև դարեր շարունակ ստեղծվում է այսպես կոչված մանկական գրականություն, որն անգթորեն մարտնչում է մանկական փխրուն հոգիների հետ։
    Բա այսօ´ր ինչ է կատարվում։ Մեկ-մեկ տեսնում եմ. տեղից վեր կացած ինչ-որ հոգեբան նյարդահոգեբանական իր շիզոֆրենիայով կառուցում է հեքիաթներ, որոնք, իբր, պիտի ամոքեն երեխայական հոգիները (դարդերը)։
    Աներևակայելի էշություններ են գրում իրենց մանկագիր հռչակածներից շատերն այսօր։
    Լսե´ք։
    Ամեն մի հիմար հարող է սա գրել.
    «Արևի շողը ընկավ
    Լուսիկի աչքերին,
    Շունը ուրախ մոտեցավ
    Արագավազ առվակին»։
    Ուրեմ գրում են էս տեսակ ապուշություններ, որոնք բնավ կապ չունեն մանկական պոեզիա հասկացության հետ, մի 200 000 դրամ փող են ճարում, ու…. դավայ… 10 օր չանցած արդեն, «Մանկագիր» տիտղոսը շալակած ընկնում են ֆեյսբուքի ջանին։ Երբ բացում ես, իրենք են ու իրենց գրքերը։ Ոնց որ` համբակը գնա ու Եզովպոսի կաշին քաշի վրան։
    Բա շնորհանդեսնե՜րը…
    Ես հազարից մեկ եմ գնում շնորհանդես, թեև հրավերները առավել քան բավարար են, որովհետև շնորհանդեսները, մեծամասամբ, փառաբանության շոուներ են։ Էդ հեղինակը հնդուհավի պես փքված բազմում է ամենաերևացող տեղում , իսկ մի խումբ հարմարվողներ բացում են ստերի տոպրակներն ու էս հեղինակին հանում են Պառնաս։ Չեմ գնում շնորհանդեսներ, որովհետև որևէ կապ չեմ կարող ունենալ ստախոսության շոուների հետ։
    Մի բան էլ կա։ Կան հեղինակներ, որոնք խմբագիրների տաղանդն են գողանում։ Գրում են, ոմն խմբագիր դզում-փչում է էդ ապաշնորհ գիրը, բայց խմբագրի անունը մնում է ծածուկ։ Դրանից հետո հեղինակն առնում է էս դզած-փչած գիրն ու վազում է հրատարակչություն։ Ողորմելիներ են սրանք։
    Բայց վերադառնանք երեխաներին։
    Խե՜ղճ երեխաներ։ Էսքանը քիչ էր, հիմա էլ` հեռախոսները, որոնց մեջերից դուք համարյա դուրս չեք գալիս։ Ու թե ինչ հեքիաթներ են պատմում ձեզ ձեր հեռախոսները, լավ է չքննարկենք։
    Ցանկացա խոսք ասել այն մասին, որ երեխայի հոգին նրբագույնն է այս մոլորակի վրա։ Մի քչփորեք դրանք, մի պարզաջրեք, մի բախեք այդ հոգիների դռները էս ծայրահեղ անմակարդակ հեքիաթների գրքերը ձեռքներիդ մեջ բռնած։
    Հ.Գ. Բան գրելու հավես չունեի բնավ, բայց ապուշ հեքիաթների մի գիրք ընկավ աչքովս, էլ չդիմացա։

Պատասխանել