ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2022 թվականը։ Տարեմուտը, սովորաբար, անցնող տարին ամփոփելու, նոր հանձնառություններ նախանշելու, նաև բարեմաղթությունների առիթ է։
Կարդացեք նաև
Ցավոք, 2022-ը չեղավ համազգային ձեռքբերումների, խաղաղության ու պետականության ամրապնդման տարի։ Երկիրը շարունակում է դիմագրավել անհաղթահարելի դարձած և օրեցօր խորացող անվտանգային և գոյութենական մարտահրավերներ։ Կորցրած տարածքային ամբողջականության պայմաններում երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, այլև հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու իր սահմանադրական հանձնառությունից։
Հենց այս պահին Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը՝ արդեն քսան օր ձգվող, մարդասիրական ծանրագույն ճգնաժամ առաջացրած շրջափակումը։
44-օրյա պատերազմից երկու տարի անց, մեր անանց ցավերին և անդառնալի կորուստներին գումարվում են նորերը․ թշնամու սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի զոհ դարձած ավելի քան 200 զինվորներից ոմանք դեռևս չեն գտել իրենց հանգիստը հայրենի հողում։ Հազարավոր ընտանիքներ ապրում են որդիների կորստի, տասնյակ հազարներ՝ իրենց հարազատ բնօրրանի կորուստն ապրող փախստականի վշտով, տասնյակներ՝ գերեվարված որդիների վերադարձի հույսով։
Այս ցավալի իրականության մեջ՝ մի կողմից շարունակվում է Հայաստանի արտաքին մեկուսացումը, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունն ու իրական ագրեսիան, որին ՀՀ իշխանությունը համարժեք պատասխան տալու ո՜չ կամք և ոչ էլ՝ կարողություն ցույց չի տալիս։
Նույնքան աղետալի է երկրում խորացող ներազգային պառակտումը, անստույգ հեռանկարով պայմանավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Խորացող արտաքին մարտահրավերների կողքին շարունակվում է երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդումը՝ ժողովրդավարության բացահայտ նահանջները, ռեպրեսիվ գործիքակազմի որդեգրումը, քաղաքական հալածանքներն ու իշխանության յուրացումը։
Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար շարունակվող այս վայրէջքը կասեցնելու, Հայոց պետականությանն ու Արցախ աշխարհին ուղղված ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, խորացող ներքին բաժանարարներն ու երկրի ապագա գահավիժումը կասեցնելու քաղաքական պատասխանատվությամբ և հանձնառությամբ՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասնաբար 2022-ին ՀՅ Դաշնակցությունն իր շարքերի անմնացորդ նվիրումով հունավորեց Դիմադրության շարժումը։
Հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ ոտքի կանգնեցին՝ ամիսներ շարունակ աննահանջ մնալով իրենց համոզումներում՝ վստահ լինելով, որ միայն ազգային միասնականությամբ և համազգային պայքարով է հնարավոր շրջել մեզ պարտադրվող ուրացումը, փոխել խաղի նվաստացուցիչ կանոնները, ձևավորել իրապես ազգային հանձնառություն ունեցող իշխանություն, իրական խաղաղություն։
Մենք միասին հնարավորություն ունեինք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։
Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն ու ժողովրդի պահանջն աննահանջ է։ Դա պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու և արարելու մեր հավաքական չիրացված օրակարգն է։
Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում, աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փոթորկոտ ժամանակներում իրավունք չունենք կորցնելու մեր զգոնությունը։
Ստեղծված փակուղային իրավիճակում մեզ ավելի քան ազգային միասնականություն է անհրաժեշտ, ազգային պետականության նոր բովանդակության և տեսլականի սահմանում։ Մենք պարտավոր ենք ելքեր գտնել՝ դիմակայել արտաքին մարտահրավերները, ամրացնել մեր երերացող պետականությունը։ Մեր ուժականության աղբյուրը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության մեջ է։
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Թող 2023թ․ սեր, համերաշխություն և իրական խաղաղություն բերի մեր բոլորի ընտանիքներին, լինի զորացման ու վերածննդի տարի։
Ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և մեր ազգային օրակարգերը կյանքի կոչելու գործին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ