Ինձ համար 2020 թվականը շարունակվում է: Պարտությանը հաջորդող Նոր տարին, 2022-ի եւ այս Ամանորը, իմ ընկալմամբ նույնն են, Հայաստանի սեւ շրջանի շղթայի մեջ են: Ոմանց համար գուցե կյանքը շարունակվում է, ինչ եղել՝ եղել է: Ինձ համար՝ ոչ, որովհետեւ «ինչ եղել է», շարունակվում է: Խոսքն, իհարկե, իմ անձնական կյանքի մասին չէ, որտեղ, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է, այլ իմ պետության կյանքի մասին:
«Ձախողում ոչ մի համակարգում չի եղել», – ամփոփելով տարին՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ղեկավարը այն երկրի, որը 2022 թվականին կորցրել է տասնյակ քառակուսի կիլոմետրեր իր ինքնիշխան տարածքից, ինչի շնորհիվ, մասնավորապես, թշնամու զինվորներն առանց հեռադիտակի տեսնում են Սեւանա լիճը եւ Ջերմուկը: Մնացած ձախողումները չթվարկեմ:
Սովորաբար իշխանության կողմնակիցներն այդ արձանագրումներին պատասխանում են՝ «բա ընդդիմությո՞ւնը»: Դա ինձ համար փաստարկ չի. եթե իշխանությունը ձախողվել է, ապա դա չի նշանակում, որ ընդդիմությունը տպավորիչ հաջողությունների է հասել: Ընդդիմությունն անցած 2020, 2021 եւ 2022 թվականներին ոչ միայն ձախողվել է, այլեւ խայտառակ է եղել, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչպես են այս ընդդիմադիրները պատրաստվում շարունակել իրենց քաղաքական գործունեությունը:
Իմ հույսերը քաղաքական համակարգի հետ կապված չեն: Իմ հույսը, այնուամենայնիվ, հայ ժողովուրդն է: Այո, մեր ժողովրդի այն մասը, որն ապրում է Հայաստանում, առայժմ խաբված է եւ մոլորված. իշխանության՝ չափազանց արդյունավետ քարոզչության ազդեցության տակ Արցախի մեր հայրենակիցներին կամ Հայոց պետականությանն աջակցելու ցանկացած կոչ վերաձեւակերպվում է որպես «նախկինների ռեւանշ», «նորից թալանելու ցանկություն» կամ (դա արդեն վերջին տարվա պատում է) «հինգերորդ շարասյան» դավեր:
Կարդացեք նաև
Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես մոլորված են՝ չգիտեն, թե ինչ է պետք անել: Կամ, գուցե, մի քիչ էլ հիասթափված են, նեղացած են մեզանից՝ հայաստանցիներից, որ մենք չենք արդարացրել իրենց ակնկալիքները հայոց պետականությունից:
Եվ այս պահին մեր ժողովրդի միակ մասը, որը գիտի, թե ինչ է ուզում եւ ինչ պետք է անի, 120 հազար արցախցիներն են: Դա քիչ չի: Արցախից է, վստահ եմ, սկսվելու ազգային նոր զարթոնքը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բոլորիս Նոր տարին շնորհավոր: Ցանկանում եմ հաղթանակ առաջին հերթին մենք մեր թերությունների նկատմամբ, կհաղթենք մենք մեր միջի թշնամուն, դրսի թշնամին մեզ համար խաղուպար կլինի: Լինենք գերմանացու նման ճշտապահ, ռուսի նման ճշտախոս, ճապոնացու նման ավանդապաշտ, անգլիացու նման սկզբունքային, այսինքն’ լինենք իսկական հայ: Հաղթելո՛ւ ենք:
քանի՞երրորդ ազգային զարթօնքը… որու յաջորդած է՝ ոչ միայն ազգային նիրհումը, այլ «ազգային»ի նկատմամբ ծաղրանքն ու հեգնանքը, ինքնագոհ քրքիջները, վերերէ՜ն թռչողների՝ հասունութեան, խելացութեան, բանականութեան դասերը, եւայլն. մինչեւ որ տեղի ունենայ ծայրագոյն Աղէտը… որպէսզի անկէ ետք, դրա շնորհի՛ւ, զարթնին նաեւ այդ զարգացած հակաազգային իմաստունները… քանի՞ անգամ անցել ենք, նոյն այս ուղիով… ամէն պատմութիւն, վերջ մը ունի սակայն… ես կը կարծեմ թէ, վերջապէս, այդ վերջակէտին հասանք…