Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է «շոկի թագուհին»՝ Վիվիեն Վեստվուդը

Դեկտեմբեր 31,2022 09:30

2022 թ․ դեկտեմբերի 29-ին 81 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց «շոկի թագուհին» ՝ համաշխարհային նորաձևության ամենասկանդալային կերպարներից մեկը՝ Վիվիեն Վեստվուդը (Վիվիեն Իզաբել Սուայր – 1941-2022 թթ), որի ազդեցությունը ժամանակակից նորաձևության ուղղությունների զարգացման վրա հսկայական է։

Մասնագիտությամբ ուսուցչուհի Վիվիենը 60-ականներին ամուսնանալով և որդի ունենալով՝ չէր էլ պատկերացնում, որ արդեն 70-ականներին համարվելու է նորաձևությունում փանկ ոճի հիմնադիր և լոնդոնյան Չելսի թաղամասում ունենալու է իր սեփական բուտիկը, որի սադրիչ անվան կողքով որևէ մեկը չէր կարողանալու անտարբեր անցնել։

Նորաձևության աշխարհ մտնելով փանկերի ու «նոր ռոմանտիկների» խելահեղ զգեստապահարանով՝ Վիվիեն Վեստվուդը բոլորովին նոր՝ պոդիումային մակարդակի հասցրեց փողոցային նորաձևությունը՝ ցուցադրելով երկար վերարկուներ ու պատառոտված ջինսեր, անվայել գրառումներով շապիկներ, շղթաներ ու քորոցներ, լատեքսի ու կաշվի առատություն, ցանցավոր զուգագուլպաներ, փիրսինգներ, վառ դիմահարդարում ու աքլորի կատար հիշեցնող գույնզգույն սանրվածքներ։

Վիվիենը զարմանալի փորձարկումներ իրականացրեց ձևվածքի ոլորտում՝ ստեղծելով այնպիսի իրեր, որոնք կարծես սիրահարված են կնոջ մարմնին։ Մինչ այժմ նորաձևության քննադատներն ու սիրահարները զարմանքով են հիշում նրա հեղափոխական ցուցադրությունները, երբ մոդելները հարթակ էին բարձրանում բոլորովին մերկ՝ միայն շքեղ բարձրակրունկներով կամ մուշտակներով, որոնց տակ միայն մորթե փոքրիկ վարտիքներ էին՝ զգեստապահարանի ամենագայթակղիչ բացահայտումը Մերի Քուանթի կարճ շրջազգեստներց հետո։

Հենց Վիվիեն Վեստվուդի շնորհիվ է ներքնազգեստը վերածվում ինքնուրույն հագուստի․ իր այս մոտեցումները դիզայներն այսպես էր բացատրում․ «Ես հաճախ եմ մերկությունն օգտագործում իմ հավաքածուներում, քանի որ ձգտում եմ ստեղծել կնոջ այն ապշեցուցիչ-կատարյալ կերպարը, որն ընդհանրապես դուր չի գալիս ֆեմինիստուհիներին։ Կարծում եմ՝ պետք չէ հրաժարվել մերկ գեղեցկությունը ցուցադրելուց»։

Իհարկե, ավելորդ է նշել, որ այդ հագուստը նրանց համար չէ, որոնք ցանկանում են աննկատ մնալ։ Փողոցային նորաձևության բաղադրիչների, ագրեսիվ սեքսուալության թեմատիկայի շնորհիվ Վիվիեն Վեստվուդը լրատվամիջոցների ամենասիրելի կերպարներից էր, որը փանկ մշակույթը փողոցից բերեց բարձր նորաձևության աշխարհ՝ այդպիսով կարծես ոչնչացնելով փանկի ողջ գաղափարախոսությունը։

Վիվիեն Վեստվուդը բրիտանական նորաձևության կնքամայրն է, որի անհատական ոճը ոչ միայն զարմացնում էր, այլև ազդում նորաձևության մյուս վարպետների` Կարլ Լագերֆելդի, Ժան Պոլ Գոտյեի, Քրիստիան Լակրուայի, Ջոն Գալյանոյի ստեղծագործությունների վրա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Յակով Ներսեսով, «Նրանք սահմանում էին նորաձևությունը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031