Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, իր խոսքում նշելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով 10 լավագույն մարզիկներին հանձնել է մրցանակները։ Իր խոսքում նախագահը մասնավորապես ասել է.
«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել։
Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք կարողացել ենք ձեր շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում իսկապես գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել՝ հպարտանալով ձեր հաջողություններով։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ աշխարհի տարբեր անկյուններում մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր եք պահել»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ