Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան-Գարիկ Պապոյան բանավեճ. «Խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու որոշումը…», «Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք»

Դեկտեմբեր 30,2022 22:11

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր գրել Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին, որում նշում էր.

«Հարգելի Գարիկ և Սոնա,

մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը:

Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող իրականության ստեղծումն է:

Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում,

Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ,

Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ,

Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն,

Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ,

Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն:

Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են:

Այս իրականության պայմաններում է, որ անհասկանալի է դառնում ՊԵՏԱԿԱՆ մակարդակով որևէ շքեղ տոնախմբության անցկացումը և դրան Ձեզ նման հանրային մեծ լսարան ունեցող արվեստի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:

Կանխելով «Իսկ ի՞նչ անենք, միթե երեխաներն իրավունք չունեն ուրախանալու» հարցի հնչեցումը ձեր կողմից, ուզում եմ ասել, որ երեխաներն, անշուշտ, իրավունք ունեն  ուրախանալու: Բայց ուրախանալուց առաջ երեխաները նաև ունեն

Կյանքի իրավունք,

Ազատ տեղաշարժի իրավունք,

Կրթության իրավունք,

Արժանապատիվ ապրելու իրավունք,

Շրջափակված չլինելու իրավունք,

Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք…

Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից:

Հարգելի Գարիկ և Սոնա,

այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում:

Այդպիսով, դուք, ըստ էության, գործիք եք դառնալու իշխող ուժի ձեռքերում` աշխարհի համար մեր ողբերգական իրականությունը կոծկելու և աղետի իրական մասշտաբները թաքցնելու գործում:

Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը սխալ է և Դուք չեք մասնակցելու այդ միջոցառմանը, հայցում եմ ձեր ներողամտությունը:

Սակայն եթե տարածվող տեղեկատվությունը ճիշտ է, ամենայն հարգանքով խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:

Այդ միջոցառման փոխարեն առաջարկում եմ մասնակցել դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Եռաբլուր ուղևորվող «Լռության երթին», որը կազմակերպել են Արցախի երիտասարդները` կոչ անելով 2023 թ. դիմավորել Հայրենիքի համար նահատակվածների հետ Եռաբլուրում:

Հարգանքով`

Քրիստինե Վարդանյան

Հայ մարդ»

Ի պատասխան Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում նկատել է.

«Այսօր առավոտս սկսվեց աղջկաս մանկապարտեզի հանդեսով:

Ուշադիր նայում էի, թե ոնց են պուճուրները երգում, պարում, արտասանում,դիմավորում Ձմեռ պապին ու ուրախությունից փշաքաղվում: Էդ տեսարանը նայում ու ներքուստ մտածում էի, թե ինչպես ենք մենք մեծերով արդեն մի քանի տարի անցնում “դժոխքի” միջով, բայց մեր պուճուրներին պահում գույների, երգի ու հեքիաթի մեջ:

Լավ, ինչու՞ ենք դա անում: Ինչու՞ նրանցից էլ չենք խլում էդ երջանկությունը, ինչու՞ չենք նրանց պարը դադարեցնում, ինչու՞ չենք բարձր երգելու համար նրանց ամոթանք տալիս, ասելով, որ քանի կան հայ երեխաներ,որոնք չունեն պարելու և երգելու հնարավորություն, դուք էլ պիտի չունենաք ..

Միգուցե,որովհետև, իրենք դեռ շատ պուճուր են դա հասկանալու համար..

Միգուցե, որովհետև, չենք ուզում փոքրուց իրենց մեջ իրենց երկիրը տպավորվի որպես տխուր ու հուսալքված վայր, ու մանկուց իրենց մեջ ձևավորենք երկրից փախչելու երազանք:

Չէ որ մեզանից շատերը մեծացել են պատերազմող ու երկրաշարժից տուժած Հայաստանում, որտեղ, միևնույն է, մեր ծնողները մեր ձեռքը բռնած տանում էին համերգներ ու թատրոններ:

Հետո գալիս եմ տուն, ու հասկանում,որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային, պահանջով, որ մենք Ամանորին հրապարակի մեր ելույթը չեղարկենք: Իսկ այդ նամակը ուղեկցվում է մեկնաբանություններով, որոնք անկեղծ մինչև հոգուս խորքը վիրավորել են ինձ.. ինչևիցե..

Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը` երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի մեր ելույթն անվճար էր բոլոր ընտանիքների համար: Բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց  մեր համերգի չեղարկումը..

Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք: Կարող ենք և չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս!

Խնդրեմ պարզապես ասեք… ես խառնվել եմ սեփական մտքերի մեջ..

Ժամանակ ա պետք հասկանալու, թե երբ ու ինչով արժանացանք էդ ատելությանն ու վիրավորանքներին..

 

Իր հերթին, Քրիստինե Վարդանյանը Գարիկ Պապոյանի մեկնաբանության առիթով նոր գրառմամբ է հանդես եկել, գրելով.

«Հարգելի Գարիկ,

խնդիրը դուք չեք, խնդիրը մի քանի ամիս առաջ պատերազմ մղած, հարյուրավոր զոհեր ունեցող երկրում, շրջափակված Արցախի պարագայում պետական մակարդակով ճոխ միջոցառումն է, որն անխուսափելիորեն` առանց ձեր կամքի օգտագործվելու է ցույց տալու համար, որ որևէ խնդիր Հայաստանում չկա:

Առանց ձեր կամքի այդ համերգը, հրավառությունը հակադրվելու է Եռաբլուրյան իրականությանը:

Դուք ակամայից մասնակցելու եք դրան:

Նամակը ձեզ թիրախավորելու կամ վիրավորելու որևէ նպատակ չի ունեցել: Ես ներողություն եմ խնդրում, եթե անկախ իմ կամքից ձեր և Սոնայի ուղղությամբ ատելության ալիք է ուղղորդվել:

Բայց իմ պարտքն եմ համարում ասելու, որ ձեր մասնակցությունն այդ միջոցառմանը մի խումբ մարդկանց կողմից ընկալվելու է հենց իմ ասած կերպով:

Ես չեմ կարող ձեզ ստիպել որևէ որոշում կայացնել, կարող եմ միայն խնդրել ու հիմա էլ խնդրում եմ նույնը ինչ նամակի մեջ` վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:

Հարգանքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031