Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշված միջազգային պայմանագրի վավերացումը ոչ միայն պետք է հնարավորինս արագացվի, այլև խիստ անհրաժեշտ է, որ լինի շարունակություն». Գեւորգ Դանիելյան

Դեկտեմբեր 30,2022 21:21

Դեկտեմբերի 29-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Հաագայի դատարանի կանոնադրությունը վավերացնելու մասին Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձ ճանաչելու մասին օրենքի նախագծին։ Վերջինիս վավերացումը տարիներ առաջ մերժվել էր Սահմանադրական դատարանի եզրակացությամբ։ Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց արդարադատության նախկին նախարար իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից։

-​Պարոն Դանիելյան, վավերացման ենթակա միջազգային պայմանագրի առնչությամբ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի ուժի մեջ գտնվող եզրակացությունը, որքանո՞վ է իրավաչափ կրկին այդ հարցը նույն դատական ատյանի առջև բարձրացնելը և, ընդհանրապես, այս նախաձեռնությունը արդարացվա՞ծ է։

-​ Առավել հանգամանորեն դեռ կանդրադառնանք այս նախաձեռնության իրավական նրբություններին, իսկ այս փուլում անհրաժեշտ եմ համարում նկատել, որ հարցը մեր կողմից է բարձրացվել։ Մասնավորապես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը բազմիցս է ընդգծել մեր հայրենիքի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործությունների դատապարտման նկատառումով միջազգային դատական ատյաններին հետևողականորեն դիմելու բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը, այդ թվում՝ հիշյալ միջազգային պայմանագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնելու անհրաժեշտությունը։

Ըստ այդմ էլ, արձագանքելով Արցախի շրջափակման հումանիտար ահաբեկչության զազրելի երևույթին, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որի 2-րդ կետը շարադրված էր հետևյալ կերպ. «Վավերացնել ՄԱԿ-ի 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը և մարդկայնության դեմ ուղղված հանցանքների հիմքով դիմում հարուցել Ադրբեջանի դեմ։ Ընդ որում, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Այս և նմանաբնույթ հարցերում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը անվերապահ պատրաստակամություն է հայտնում՝ ցուցաբերելու պատշաճ մասնագիտական աջակցություն»։

Ինչպես տեսնում եք, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ոչ միայն հարցն է բարձրացրել, այլև միանշանակ իր պատրաստակամությունն է հայտնել մասնագիտական պատշաճ աջակցություն ցուցաբերելու կտրվածքով։ Այն, որ 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, մենք հատուկ ենք ընդգծել, քանզի Սահմանադրության հետագա փոփոխությունները այլևս չեն բովանդակում այնպիսի հիմնադրույթներ, որոնց համատեքստում կբացառվի միջազգային այդ դատական ատյանի դատազորությունը ճանաչելը։ Բազում նորամուծություններից բացի, Սահմանադրությամբ ամրագրվել է նաև միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային մարմինների պրակտիկան հիմք ընդունելու հիմնադրույթը։ Վերջին հաշվով, որևէ միջազգային դատական ատյանի դատազորությունը ճանաչելը չի հակասում Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթին, ըստ որի՝ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Մի խիստ կարևոր նկատառում. նշված միջազգային պայմանագրի վավերացումը ոչ միայն պետք է հնարավորինս արագացվի, այլև խիստ անհրաժեշտ է, որ լինի շարունակություն, այն ունենա գործնական կիրառում, հուսանք, որ այն չի մնա թղթի վրա։ Այսպիսով, երբ խոսում ենք միջազգային պայմանագրեր վավերացնելու «ճիշտ ժամանակի» մասին, ապա հրատապ պետք է դիտարկվեն ոչ թե ապազգային, ընտանիքի հիմքերը խարխլող տարաբնույթ միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ ստամբուլյան կոնվենցիան, այլ հենց վերը նշված փաստաթղթերը։ Մենք համարժեք պատկերացնում ենք, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ միջազգային դատական ատյանները, ցավոք, այլևս չունեն նախկին կշիռը, ըստ այդմ էլ հայտարարությամբ ներկայացրել ենք համալիր առաջնահերթ քայլերի ցանկը։

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031