Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խնդրահարույց չի համարում ԱՀ կառավարության որոշումը՝ դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին եւ այլ միջազգային կառույցներին «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Ընկերությունը, հիշեցնենք, շահագործում է Կաշենի հանքավայրը: ԱՀ կառավարությունն օրերս որոշեց՝ ժամանակավորապես դադարեցնել ընկերության գործունեությունը՝ մինչեւ իրենց դիմումի ապահովումը:
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» Բերձորի միջանցքը փակել են դեկտեմբերի 10-ից երբ նրանց թույլ չտրվեց մտնել Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայր: Մինչ այդ՝ դեկտեմբերի 3-ին, միջանցքը մոտ երեք ժամ էր փակ պահվել՝ նույն պահանջով. Ադրբեջանում ցանկանում են վերահսկել Արցախում ընդերքի շահագործումը, քանի որ, իբր բնապահպանական ռիսկեր են տեսնում: Դեկտեմբերի 10-ին, պաշտոնական Բաքուն անգամ նման հայտարարություն էր տարածել. «Դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ»:
Բերձորի միջանցքի՝ 20 օր փակ լինելուց հետո, ԱՀ կառավարության որոշումը՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել եւ միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար դիմումը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Այն հիմնականում ընկալվում է իբրեւ զիջում, մանավանդ, որ նախկինում թե տվյալ ընկերության, թե ԱՀ կառավարության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ եղան այն մասին, որ հանքը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Այժմ, լրացուցիչ փորձաքննությունը եւ վերահաստատման սպասելը, շատերը հետքայլ են համարում: Ավելին, տեսակետ կա, որ դրան հաջորդելու է Բերձորի միջանցքում ադրբեջանական վերահսկող անցակետի տեղադրումը:
Կարդացեք նաև
ԱՀ խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման վերլուծություններ անողները, հավանաբար, խնդիրներից լավատեղյակ չեն: Ընդդիմադիր պատգամավորը մանրամասնում է՝ Արցախն այժմ շրջափակման մեջ է եւ այդ պատճառով նաեւ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացել հանքավայրում. «Ներկրումների, արտահանումների խնդիր է առաջանում, սպառում հնարավոր չէ իրականացնել. այսինքն, հանքավայրը կիսով չափ պիտի աշխատի»: Այս պայմաններում, ըստ պատգամավորի, ցանկացած պետություն պետք է նման որոշում կայացներ, բայց դա զիջում չէ, հետքայլ չէ. «Միջազգային մոնիտորինգ ոչ միայն Կաշենի հանքավայրում պետք է անցկացվի, այլ հարակից հանքավայրերում, որոնք մեր վերահսկողության տակ չեն եւ մենք ունենք շատ հստակ տեղեկություններ, որ բնությունն ուղղակի կեղեքվում է եւ շատ խիստ բնապահպանական խնդիրներ կան: Ինչ վերաբերվում է Կաշենի հանքավայրին, այն շահագործող ընկերության ղեկավարությունն, այո, համոզված է, որ իրենք միջազգային չափանիշներով են աշխատում եւ որեւէ խնդիր չունեն»:
ԱՀ կառավարության հայտարարությանը հաջորդեց Բաքվի հայտարարությունն այն մասին, որ իրենք որեւէ մոնիտորինգ թույլ չեն տալու: Սա, ըստ Մետաքսե Հակոբյանի, հերթական, թերեւս ամենացցուն ապացույցներից է, որ Բերձորի միջանցքի փակումը բնապահպանական խնդիր չէ, միջանցքը բնապահպանները չեն փակել. սա հստակ քաղաքական խնդիր է:
«Արցախի հանրապետությունը, թեկուզեւ չճանաչված պետություն է, բայց այս ողջ ընթացքում իր պետական գործառույթներն ամբողջովին իրականացնում է, որպես պետություն, այդ թվում՝ գնում է այն ճանապարհով, որով կգնար ցանկացած նորմալ պետություն, որը նման ինչ-որ խնդիրների առաջ է կանգնած: Հակառակը, զիջում կլիներ այն, եթե ադրբեջանցիներին թույլ տրվեր թեկուզ մեկանգամյա այց հանքավայր՝ ինչպես իրենք էին պահանջում: Բայց Արցախում բնակվող 120 հազար հայերը որոշել են, որ թույլ չեն տալու, որ ադրբեջանցիները միայնակ գնան հանքավայր, այնտեղ ինչ-որ անհասկանալի բանով զբաղվեն, առավել եւս, որ նրանք բնապահպաններ չեն, այլ հատուկ ջոկատայիններ, ինչի ապացույցներն այս օրերի ընթացքում բազմաթիվ են եղել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Մեր զրուցակցի ամանորյա մաղթանքն էլ հետեւյալն է. «Նույն ապրումների մեջ ենք, ինչ-որ ապրել ենք երկու տարի առաջ՝ պատերազմի օրերին ու շատ կարեւոր է, որ 2023-ին, մենք, ի վերջո, կարողանանք ձեռք բերել արժանապատիվ խաղաղություն: Մեր ջանքերի, մեր համառության ու ճիշտ քայլերի արդյունքում, վստահ եմ, ի վերջո հասնելու ենք արժանապատիվ խաղաղության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ