Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ներկայացուցիչները կարծես թե վազում են արդեն թռչող ինքնաթիռի հետեւից». «Առերեսում»

Դեկտեմբեր 30,2022 22:00

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն իսկ հայտարարել է, թե իրենց չեն հետաքրքրում միջազգային արձագանքները և կշարունակեն իրենց քայլերը: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս առնչությամբ ասաց. «Միջազգային ճնշման մասին խոսելիս նախ պետք է հստակեցնենք, որ ինչպիսին Հայաստանի կողմից դիմումներն են, դրանցից մոտավորապես մի քիչ ավելի թույլ էլ արձագանքն է: Ես տարիներ շարունակ պնդում եմ, որ այն, ինչ անում է Ադրբեջանը՝ ունի մեկ անուն՝ ցեղասպանություն: Եվ այսօր Լաչինի միջանցքի փակումը… ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը հստակ ասում է՝ եթե մարդկային մի խմբի համար միտումնավոր ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք նպատակ ունեն մասնակի կամ ամբողջովին ոչնչացնել նրանց՝ դա եւս ցեղասպանություն է… Ահա Հայաստանի Հանրապետությունը երբեւիցե չի դիմում այդ սահմանման հիման վրա պահանջատիրությամբ: Եվ հակառակը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա «մարդասիրական աղետ» բնորոշեցին՝ դա բոլորովին այն մակարդակը եւ խոսքը չէ, որ պետք է հնչեր Հայաստանի կողմից»:

Genocide Watch կազմակերպության հետազոտական թիմի ղեկավար Նաթ Հիլն անդրադառնալով միջազգային արձագանքին, նշել էր՝ այսօր նկատելի են ավելի շատ խոսքեր, քան գործողություններ: Հաղորդման մյուս հյուրը՝ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը համաձայնեց այդ գնահատականին. «Ցավոք սրտի, այդ խնդիրը կա, որ միջազգային կառույցները, ինչպես նաեւ միջազգային իրավական համակարգը չի կարողանում գործիքակազմ կիրառել պրակտիկ դաշտում ու շատ բան անհնար է իրականացնել: Ու սա լավ հնարավորություն է բացում մեր թշնամիների համար, որոնք շատ լավ օգտվում եզու նշում էլ են, ինչպես Ալիեւը, թե իրենց համար բացարձակ կապ չունի: Նրանք տեսել են միջազգային հանրության «արձագանքը» 2020-ի պատերազմից հետո. Չնայած բազմաթիվ էին օրինակները, թե միջազգային քանի կոնվենցիաների պահանջներ են խախտել, նաեւ, որ իրենք էին այդ ագրեսիան սանձազերծել եւ այլն՝ բացարձակ որեւէ պատասխանատվություն չեղավ: Իսկ բոլորս էլ գիտենք, որ պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նման սադրանքների եւ ագրեսիայի կրկնության»:

Անդրադարձ եղավ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ մասնավորապես հետեւյալ պնդմանը. «Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»: Լարիսա Ալավերդյանը սա դիտարկեց հետեւյալ համատեքստում. «Սա փաստորեն շարունակությունն է այն հստակ քաղաքականության, որը որդեգրել է 2018-ին իշխանության եկած այս խումբը, մասնավորապես, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ եւ այլն: Երկրորդը՝ արդյոք կա՞ (ռուս խաղաղապաներին. խմբ.) փոխարինող: Ինչքան գիտեմ՝ ԵՄ բավական բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ իրենք ընդհանրապես չեն էլ հավակնում այնտեղ որեւէ զորք ուղարկել: Այսինքն՝ հստակեցնենք, որ չկա այսօր այն պետությունը կամ միջազգային կազմակերպությունը, որը պատրաստ է դա անել»:

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը նշեց․ «Ռուս խաղաղապահների առաքելությունն իրականացնելու հետ կապված, այո, հայկական կողմն իրականում ունի հարցեր: Ու պետք է այդ մեխանիզմն ունենանք, որ կարողանանք նշել, թե ինչ իրավիճակների վերաբերյալ ունենք դժգոհություն: Դա հիմնավոր է՝ 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի եւ Հին Թաղերի դեպքերից հետո սա, ցավոք սրտի, շարունակական բնույթ է սկսել կրել»: Սակայն հավելեց, թե շատ լավ գիտակցում են, որ Ադրբեջանն այս սադրանքներով չի վերջացնելու եւ նախատեսել է այլ տեսակի սադրանքներ էլ, որ վերանայվի ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում:

Ադրբեջանական կողմը մինչ այս պահը կարողանում է խոչընդոտել ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Հայաստանի առաջարկը, «Ազատության» հետ զրույցում ասել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ են համոզել միջազգային գործընկերներին, որ գնան Արցախ և տեղում հասկանան իրավիճակը։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն այս մասին հիշատակմանն ի պատասխան փոխանցեց իր տպավորությունը. «Հայաստանի ներկայացուցիչները կարծես թե վազում են արդեն թռչող ինքնաթիռի հետեւից: Դա փաստորեն միշտ տեղի է ունենում այնպիսի հստակ ժամանակահատվածը բաց թողելով, որ ամեն անգամ երեւում է, որ դա ուշացած կամ այս պահին ոչ պահանջված է»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031