ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը։ Aravot.am-ի աղբյուրները նշում են, որ այս նշանակումը միանշանակ չի ընդունվել Սիսիանում, ու Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քիչ ընտրողներ կքվեարկեն։ «Փաստորեն, Սիսիանը բոյկոտեց Արմեն Հակոբջանյանին, բայց վարչապետը նորից նշանակեց։ Այսինքն` սիսիանցիների կարծիքը կարեւոր չի՞»,-ասաց մեր աղբյուրը։
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։ Ըստ հիմնավորման, 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստի ընթացքում Արմեն Հակոբջանյանին ընտրել է որպես համայնքի ղեկավար: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել, և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմումների արդյունքում «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամների մանդատները թափուր են մնացել: Արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ:
Կարդացեք նաև
Իսկ դեկտեմբերի 14-ին Սիսիան համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:
Սիսիանում կնշանակվեն ավագանու նոր ընտրություններ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ