Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու․ Ռուբեն Վարդանյան

Դեկտեմբեր 30,2022 18:30

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան  ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ամփոփելով  անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: «Մենք  բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարարներին՝  նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է  շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար: Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝  նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են. «Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:

Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝  նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով  գնալով ծանր վիճակում է հայտնվում  տնտեսությունը: Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու: «Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031