Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց աշխատավարձն աճել է 20%-ով, կանանց վարձատրությունն ընդամենը 6%-ով

Դեկտեմբեր 30,2022 14:43

Մեր երկրում ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորումն է, այդպես էր նաեւ նախորդ տարիներին։

Staff.am-ը հրապարակել է շուկայի վերլուծությունը, ըստ այդմ, ըստ ամենապահանջված 20 մասնագիտությունների ուսումնասիրության, առաջին տեղում այս եւ նախորդ տարի ծրագրավորողներն ամենապահանջվածն են։ Պահանջվածությամբ ծրագրավորողների հետ թերեւս կարող են մրցել վաճառքի/սպասարկման ոլորտի մասնագետները․ ըստ նույն հետազոտության, այս մասնագետները երկրորդ հորիզոնականում են, ապա բանկային եւ վարկային ոլորտի մասնագետներն են։

Ծրագրավորումը կազմում է բոլոր տեսակի աշխատանքների 16.8%, վաճառքի եւ սպասարկման ոլորտի աշխատանքը՝ 12.7%, բանկային գործը՝ 12.1%, մարքեթինգ կամ գովազդի ոլորտի աշխատանքը՝ 5%, կրթությունը՝ 1.6%, իրավական ոլորտի աշխատանքը՝ 1.3%, տվյալների վերլուծություն՝ 1.1%։

Մանրամասները՝ գրաֆիկում

Հետազոտության համաձայն, այս տարի առաջին անգամ գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքների թվի նվազում։ Մինչդեռ զգալի աճ է գրանցվել Ֆինանսաբանկային ոլորտում՝ «Ֆինանսներ եւ բանկ» մասնագիտությամբ։ Օրինակ՝ եթե անցյալ տարի այս մասնագիտության աշխատանքը բոլոր աշխատանքների 6.5%-ն էր կազմում, ապա այս տարի՝ 12.1%-ը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է այս տարի ՌԴ եւ ԱՊՀ այլ երկրներից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մեր երկիր մեծ հոսքով։

Այս տարի պահանջարկի աճ է գրանցել նաեւ վաճառքի եւ սպասարկման, տուրիզմի եւ հյուրընկալության, ադմինիստրատիվ եւ մի քանի այլ ոլորտներում։

Իսկ ահա հաշվապահական ոլորտի մասնագետների սղությունը պահպանվում է։

Ամենաակտիվ գործատուները կամ աշխատանք առաջարկողներից ամենաակտիվը ՏՏ ոլորտն է։ Այս տարի հայտարարված թափուր բոլոր աշխատանքների մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին, չնայած որ այս ոլորտն այս տարի գրանցել է անկում։

202-ին ակտիվության աճ են գրանցել բանկերը եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունները, հեռահաղորդակցության ոլորտը, առցանց ծառայությունների ոլորտը՝ Onex, Globbing եւ այլն, խորհրդատվական ընկերությունները։

Տե՛ս գրաֆիկը

Ամենաբարձր աշխատավարձը կրկին ՏՏ ոլորտում է։ Ըստ հետազոտության, որը հղում է անում վիճակագրական կոմիտեին, ՏՏ ոլորտում ամսական միջին աշխատավարձը կազմում է 875 հազար դրամ, տեղեկատվություն եւ կապ ոլորտում՝ 712 հազար դրամ, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն՝ 523 հազար դրամ։ Իսկ ամենացածր աշխատավարձը կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ 114 հազար դրամ, կրթության ոլորտում՝ 133 հազար դրամ։

Գիտության ոլորտում էլ «նախանձելի» աշխատավարձ չեն ստանում. մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմում է 225 հազար դրամ, որից գիտական հետազոտություններ եւ մշակում՝ 198 հազար դրամ։

Մանրամասն՝ գրաֆիկում

Ընդ որում, ինչպես նկատել են հետազոտության հեղինակներն, աշխատավարձերի բարձրացման հարցում գենդերային խտրականություն է դիտվել՝ տղամարդկանց վճարվող աշխատավարձն աճել է 20%-ով, սակայն կանանց վճարվող աշխատավարձը ընդամենը՝ 6%-ով։ Հեղինակների կարծիքով՝ արա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ առհասարակ աշխատավարձի զգալի աճ է տեղի ունեցել ՏՏ, ֆինանսական եւ հանքագործության ոլորտներում, որտեղ որպես աշխատող հիմնականում կամ գերակայում են տղամարդիկ, կամ երկու սեռերի հավասար ներկայացվածության դեպքում ղեկավար պաշտոններ հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031