Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջափակման պատճառով 1000-ավոր ծնողներ եւ երեխաներ իրարից անջատված են». բողոքի ցույցի մասնակից արցախցի

Դեկտեմբեր 30,2022 14:21

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Բերձորի միջանցքը, Արցախը կտրելով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհից: Արցախցիները բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի առաջ: «19-րդ օրն է Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ: Հազարավոր ծնողներ եւ երեխաներ իրարից անջատված են: Երեխաների եւ ծնողների մի մասը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, մի մասը՝ Արցախի Հանրապետությունում: Դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով. «Այսօրվա դրությամբ ոչ մի քայլ չենք տեսնում: Գիտենք, որ ՀՀ վարչապետը անձամբ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Արցախի Հանրապետության ճանապարհը Ադրբեջանը փակել է, Բերձորի միջանցքի ճանապարհը փակ է, բայց ոչ մի դրական քայլ չի արվում: Փաստորեն, ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում իրենց խնդիրը կատարել…

Չենք կարողանում հասկանալ՝ ո՞նց կարող է մի գերտերություն նման պատասխանատվություն վերցնել՝ առնվազն հինգ տարով խաղաղ կյանք ապահովելու համար, բայց դեռ երկու տարի չանցած՝ մարդիկ արդեն շրջափակման մեջ են: Որեւէ միտում չենք տեսնում, բայց ՀՀ ԱԽՔ-ն ասել է, որ մեզանից միջանցք են ուզում, միութենական պետություն են ուզում մտցնել, արձագանքներ տեսել ենք, որ ոչ թե հերքել են, այլ պարզաբանում են պահանջել …Նման խառը վիճակ է: Եռակողմ համաձայնագիրը կնքելուց հետո տեսնում ենք, որ առաջին իսկ օրվանից խախտվում է այն՝ սկսած Խծաբերդից, Փառուխով, Քարագլուխով…Տարբեր ժամանակահատվածում մարդկանց են սպանել»:

Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ դեսպանատան մոտ ցույց չեն անում, ցույցի մասնակիցը պատասխանեց. «ՌԴ դեսպանատան մոտ ինչո՞ւ գնանք, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը անձամբ ՌԴ նախագահին ասել է, որ միջանցքը փակ է: Հիմա այստեղ ենք, որ միջոցներ ձեռնարկեն, միջանցքը բացվի, հումանիտար օգնություն գա, արդեն մանկական սնունդ էլ չկա…Եթե միջանցքը չբացվի, այսպես շարունակվի, սա տանում է պատերազմի…»:

Նա նշեց, որ հույս էլ չունեն, թե իրենց որեւէ մեկը կընդունի կառավարությունում, որովհետեւ ցույցի մասնակցի խոսքով՝ Երեւանում նախատոնական տրամադրություն է, բայց իրենք, այնուամենայնիվ ցույցի են դուրս եկել, որ գոնե ԶԼՄ-ների միջոցով իրենց ձայնը տեղ հասնի:

«Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանը դիմելով հադրութցիներին, շուշեցիներին եւ քաշաթաղցիներին՝ նշեց, որ երկու նպատակով են հավաքվել. «Առաջինը, որ մեր աջակցությունը հայտնենք Ստեփանակերտում ժողովրդի համար պայքարող մեր երիտասարդներին, հենց երիտասարդներին, ոչ թե կառավարության անդամներին, պատգամավորներին, որովհետեւ նրանց կողմից չենք տեսնում կոնկրետ քայլեր: Մի բուռ մարդ ենք հավաքվել, ինչը խոսում է մեր ժողովրդի վատ որակների, անտարբերության մասին; Սեփական ապագայով չմտահոգվելը մեզ լավ տեղ չի տանելու»: Հայրյանը հավաքվելու երկրորդ նպատակին էլ անդրադարձավ, որն առնչվում է փախստականի կարգավիճակ տալուն. «Այստեղ մի քանի անգամ հավաքվել ենք, վերջին անգամ 4 կետից բաղկացած պահանջ ենք դրել կառավարության առաջ, խնդրել ենք պատասխանել:

Մեր պահանջներն արհամարհելը, մեզ հասցնում է այսպիսի դռներ: Ժողովուրդ, մահակը միշտ երկու ծայր է ունենում: Կառավարության անդամները, տաքուկ տեղում նստածները, որ այժմ ժողովրդի հարցերով չեն զբաղվում, այնպես չէ, որ յուղ ու բրնձի, դրախտի մեջ են նստելու, մահակն անպայման իջնելու է բոլորի ճակատին, անտարբերների ճակատին, որպես փախստական համայնքի պահանջները արհամարհողների ճակատին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031