Քիչ առաջ Իջևանում ավարտվեց տարվա լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը։ Համայնքի ավագանու որոշմամբ դրամական պարգևների արժանացան տարվա ընթացքում հաջողություններ գրանցած 10 լավագույն մարզիկները և նրանց մարզիչները։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզական հաջողություններն այս տարի աննախադեպ են եղել։ «Ընդամենը օրեր առաջ ազատ ոճի ըմբշամարտիկ Հրայր Ալիխանյանը դարձավ ՀՀ չեմպիոն։ Հաղթանակի շնորհիվ հաջորդ տարի արդեն նախապատրաստվում ենք Եվրոպայի, աշխարհի առաջնությանը և Աստծո հաջողությամբ նաև Օլիմպիական ուղեգրի նվաճմանը ։ Ունեցել ենք սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2 բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Ամիրյանը և Գրիգոր Բեկնազարյանը։ Միջազգային մրցաշարերում չեմպիոն է դարձել ազատ ոճի ըմբշամարտիկ Արեն Իսրայել յանը»,- նշեց Ճաղարյանը։
Հավելենք, որ լավագույն մարզիկները, մարզիչները և համայնքի մարզական կյանքի զարգացման գործում ավանդ ներդրած անհատները պատվոգրերի արժանացան նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ