Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան մի քանի բուհերի հետ քննարկում ենք կրկնակի դիպլոմ տրամադրող նոր ծրագրեր. ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը ամփոփում է ակադեմիական տարին

Դեկտեմբեր 30,2022 13:38
eph

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, ամփոփելով ակադեմիական տարին, արձանագրում է ընթացիկ տարում գրանցած հաջողությունները և ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային նոր փոխգործակցություններն ու նախատեսվող ծրագրերը։

Վարչության պետ, ք.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը, անդրադառնալով արտասահմանյան համալսարանների հետ նոր համագործակցություններին, առանձնակի կարևորում է Քաթարի, Բուխարեստի և Մինի (Ֆրանսիա) համալսարանների հետ տարվող աշխատանքները՝ նշելով. «Այդ համալսարաններում կա մեծ ներուժ, որը ճիշտ կիրառելու դեպքում կունենանք գերազանց արդյունք։ Այժմ բանակցում ենք վերոնշյալ համալսարանների հետ. օրինակ՝ Մինի համալսարանի հետ պատրաստվում ենք աշխատել երկու ուղղություններով՝ նյութագիտության և տվյալագիտության։

Ալեքսանդր Մարգարով

Բացի դրանից՝ այժմ արտասահմանյան մի քանի բուհերի հետ քննարկում ենք կրկնակի դիպլոմ տրամադրող նոր ծրագրեր, ինչն առավել ոգևորող, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող կլինի կրթական ծրագրերի ապագա ուսանողների համար»։

Համալսարանի և վարչության գրանցած հաջողություններից էր այն, որ Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից Երևանի պետական համալսարան էին եկել 4 ուսանողներ, որոնք 12 շաբաթվա ընթացքում սովորել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և ուսումնասիրել պարսկերեն։ Հաջորդ՝ 2023-2024 ուստարվա համար այս բուհերի շարքին կավելանան բրիտանական այլ համալսարաններ, որոնց թվում կլինի նաև Օքսֆորդի համալսարանը:

«Մեր կատարած կարևորագույն աշխատանքներից է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ դրամաշնորհային ծրագրի իրագործումը, որի շրջանակում ԵՊՀ-ում ներդրվել է «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, ստեղծվել է ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնը: Վերոնշյալ համագործակցության շրջանակում հաջող գործունեություն ծավալելու շնորհիվ օրերս տեղի է ունեցել «Հայաստանը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը եղել է այս ծրագրում ԵՊՀ-ի կատարած լրացուցիչ ներդրումներից մեկը»,- փաստում է Ալ․ Մարգարովը։

Խոսելով տարվա ընթացքում իրագործված մի շարք խոշորագույն ծրագրերի մասին՝ Ալ. Մարգարովն ընդգծում է. «Ընթացիկ տարում կյանքի ենք կոչել «MODEST» և «MINERVA» նախագծերը, «Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում բացել ենք ակադեմիական գրագրության կենտրոն և կազմակերպել միջազգային դոկտորական դպրոց»:

Նշենք, որ համալսարանը մասնակցել է միջազգային դրամաշնորհային 30-ից ավելի ծրագրերի։ Ուշագրավ է այն փաստը, որ Երևանի պետական համալսարանն այն կենտրոններից է, որի հետ գործակցում են միջազգային կազմակերպություններ վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման նպատակով:

«Այս ուսումնական տարում մենք շահել ենք կարևոր մի ծրագիր, որը հնարավորություն է տալիս դրանում ներգրավված ամերիկացի ուսանողներին գալու ԵՊՀ և հարստացնելու իրենց գիտելիքները մեկ կիսամյակից մեկ ուսումնական տարի ժամանակահատվածում։ Այժմ բանակցություններ ենք վարում Ջորջիայի համալսարանի հետ, որպեսզի 2024 թ․ այդ համալսարանի ուսանողները գան ԵՊՀ՝ ուսանելու։ Բացի ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունից՝ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի ֆինանսավորմամբ ճապոնացի մի շարք ուսանողներ նույնպես գալու են ԵՊՀ՝ դասընթացների մասնակցելու նպատակով»,- ընդգծում է պրոֆեսորը։

Հաշվի առնելով պահանջարկն ու համալսարանականների հետաքրքրությունը վերապատրաստման դասընթացների նկատմամբ՝ այս տարի վարչությունը վերսկսել էր նաև ասպիրանտների և երիտասարդ մասնագետների համար գրեթե երկու ամիս տևողությամբ դրամաշնորհային ծրագրեր գրելու վերապատրաստումը, որին մասնակցել են մոտավորապես 30 համալսարանականներ։

Շնորհավորելով համալսարանականների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչները մաղթում են, որ գալիք տարին լինի ակադեմիական ձեռքբերումների, արդյունավետ համագործակցությունների և հեռանկարային նոր նախագծերի տարի։ Նրանց խոսքով՝ վարչության ձեռնարկած քայլերը, հատկապես փոխանակման ծրագրերն ու համաժողովները միտված են ԵՊՀ ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանը, ունեցած գիտելիքների ամրապնդմանը, նոր մշակույթների բացահայտմանը և Հայաստանն արտերկրում լավագույնս ներկայացնելուն։ Վարչությունը նոր թափով շարունակելու է գործունեությունը 2023 թվականին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և գործակցային կապեր արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031