ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։
Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, և ՀՀ ՊԵԿ-ն այլևս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։
Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով և այլ իրավական ակտերով 2023թ․ հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվում է նոր՝ Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որը համալրվելու է ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվող հաստիքներն զբաղեցնող ինքնավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև՝ ստորաբաժանմանն աջակցող բաժնի հանրային ծառայողների անձնակազմով։
Կարդացեք նաև
Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության՝ դեռևս 2019թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններից և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀՀ ՊԵԿ նախաքննական մարմնի, ՀՀ քննչական կոմիտեն ունի ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ՝ բոլոր մարզերում։ Դա հնարավորություն է ընձեռում հանրապետության ամբողջ տարածքով ավելի անմիջական հասանելիություն ապահովել տնտեսվարող սուբյեկտների համար և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել ազգաբնակչության սպասարկումն ու իրականացվող ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտե