Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Կարդացեք նաև
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար»։
ԱՀ առողջապահության նախարարություն