Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների անկարողության մասին. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 30,2022 12:12

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայրենիքի ռազմավարական տարածքները թշնամուն հանձնած, տարածքային ամբողջականությունը խաթարած, ժողովրդի թիկունքում կեղտոտ խաղեր խաղացող և ստորացուցիչ քաղաքականություն վարող կառավարությունը որոշել է, որ այսուհետ ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ:

Սովորաբար քաղաքական ուժերի համար սա բարոյական նորմ է, սրբազան կանոն: Նորմալ երկրներում նման օրենսդրության կարիք չկա, որովհետև այնտեղ հայրենիքը հանձնելուց հետո, լկտիաբար չեն ասում « …Շուշին դժգույն քաղաք էր, կամ ձնապատ սար, կամ Սև լճի 30%-ի համար հո չէի՞նք կռվելու և այլն»: Իսկ սրանց անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում:

Դե եթե այդպես է, ուրեմն առավել քան տեղին է օրենքով սահմանել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար նախատեսվում է 15-18 տարի ազատազրկում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար` 10-12 տարի ազատազրկում: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` 5-8 տարի ազատազրկում: Ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքը ձախողելու, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներին զրպարտելու, հասարակությունը պառակտելու, պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծրագրերով մսխելու և այլ վնասարարությունների համար` նախատեսել 6-8 տարի ազատազրկում:

Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել: Իրավաբանները սրանց գործողությունները բնութագրող ավելի շատ հանցակազմեր կարող են թվարկել:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անքննելի և անսակարկելի արժեքներ են, անկախ այն բանից` սանկցիա կա՞, թե՞ ոչ: 2018թ. թավշյա իշխանազավթումից հետո Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնիշխան քաղաքականությունը` ընկնելով իշխանափոխության օտարերկրյա տերերի ազդեցության տակ: Արդյունքում` պատերազմ, կորուստներ, անվտանգության զրոյական մակարդակ, սուբյեկտայնության անկում և այլ քաղաքական ձախողումներ:

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին: Նրանք դրսում ոչ մի կողմի չեն կարողանում «ո´չ» ասել, դրա համար էլ ցանկանում են օրենք ընդունել, որպեսզի թաքնվեն այդ իրավական նորմի հետևում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031