Լրահոս
Օրվա լրահոսը

7 ըմպելիք, որոնք զարդարում են ձմեռային տոնական սեղաններն աշխարհի տարբեր երկրներում

Դեկտեմբեր 30,2022 09:30

Աշխարհի տարբեր երկրներում Ամանորն ու Սուրբ ծնունդը ընտանեկան տոներ են համարվում, քանի որ տոնական սեղանի շուրջ են հավաքում ամենամտերիմներին․ տոնական սեղանը լի է լինում ավանդական ուտեստներով ու ըմպելիքներով, որոնք էլ իրենց հերթին են ամրապնդում ընտանեկան ավանդույթները։

Մենք առանձնացրել ենք ավանդական այն ըմպելիքները, որոնք ընդունված են աշխարհի տարբեր երկրներում։

1․ Խոշաբ – Հայաստան

Գրավոր վկայությունների համաձայն` դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից առաջ Հայկական լեռնաշխարհում զբաղվել են չորացրած մրգերի ու չամիչների արտադրությամբ և առևտրով: Ուստի զարմանալի չէ, որ ինչպես հնում, այնպես էլ այսօր ամանորյա տոնական սեղանի զարդ է համարվում չորացրած մրգերից պատրաստված մրգահյութը, որը մեզ է հասել տարբեր անվանումներով՝ չամչարակ, խոշաբ, վռուզ, մրգաթան։

Այս անմահական ըմպելիքի պատրաստման եղանակը շատ պարզ է՝ եռացող ջրին ավելացնում ենք չորացրած մրգեր (սալոր, ծիրան, դեղձ, բալ և այլն) և շարունակում եփել: Նախկինում մատուցելուց առաջ մրգահյութին ավելացնում էին խաղողից կամ թթից պատրաստված դոշաբ (ռուպ), մեր օրերում հյութին քաղցրություն հաղորդելու համար հիմնականում կիրառվում է շաքարը։ Ըստ ցանկության խոշաբին նաև մի փոքր դարչին են ավելացնում:

2․ Գլինտվեյն, գլյուվայն, հոթվայն- Գերմանիա, Ավստրիա

Տաք գինու հիմքով պատրաստված այս ջերմացնող ըմպելիքը եվրոպական երկրներում շատ ընդունված է հատկապես Ծննդյան տոներին նախորդող շրջանում: Գլյուվայնը կարմիր տաք գինու, դարչինի, մեխակի, կոճապղպեղի, հիլի, նարնջի «թեժ» համադրություն է, որի բույրն իսկ հիշեցնում է մոտեցող տոների մասին։

Պատրաստման եղանակը՝ այստեղ

3․Գլոգ (գրոգ)-Սկանդինավիա

Գլոգը գլինտվեյնի սկանդինավյան տարբերակն է, որի հիմքում նույնպես տաք գինին է, սակայն Շվեդիայում և Ֆինլանդիայում ընդունված է այս ըմպելիքի ոչ ալկոհոլային տարբերակը՝ պատրաստված սև հաղաջի կամ խաղողի հյութի հիմքով։ Գլոգը տաք է մատուցվում՝ համեմված դարչինով, մեխակով, նարնջի կեղևով, որին նաև չամիչ ու նուշ են ավելացնում։ Պատրաստի խմիչքը կարող են հարստացնել նաև թեյով, ռոմով ու կիտրոնի կեղևով։
Կարմիր գինու փոխարեն երբեմն սպիտակ գինի, սիդր և խնձորի հյութ են օգտագործում՝ ստանալով ոսկեգույն գլոգ։

Պատրաստման եղանակը՝ այստեղ

4․ Կոլա դե մոնո- Չիլի

Չիլիում ձմեռային տոները նշում են կոլա դե մոնոյով․ ըմպելիքը ոչ մի կապ չունի կոլայի՝ գազավորված ըմպելիքի հետ, բառացիորեն խմիչքի անվանումը թարգմանվում է «կապիկի պոչ», թերևս այն պատճառով, որ, ունենալով նուրբ համ, շատ հեշտ է խմվում, սակայն քիչ անց մարդն արբած սկսվում է ճոճվել, ինչպես կապիկի պոչը, քանի որ կոլա դե մոնոյի ազդեցությունը բավականին անսպասելի է։

Ըմպելիքը պատրաստվում է կաթով կամ խտացրած քաղցր կաթով, որին ավելացվում է խիտ սև սուրճ, վանիլին, մշկընկույզ, դարչին ու մեխակ, օղի կամ ռոմ։ Այն մատուցվում է տաք կամ սառը վիճակում։

5․ ԱՄՆ – էգգ-նոգ

ԱՄՆ-ում Սուրբ ծնունդը նախընտրում են նշել էգգ-նոգով, որը քաղցր ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված հում հավկիթով ու կաթով։ Էգգ-նոգը տարածված է նաև Կանադայում, Հարավային Ամերիկայում, թեև ըմպելիքի հայրենիքը Շոտլանդիան է։ Ըմպելիքը պատրաստելու համար խառնում են ձուն, շաքարը, կաթը, սերուցքն ու համեմունքները՝ դարչինն ու մշկընկույզը, ապա թունդ ալկոհոլ ավելացնում՝ ռոմ, վիսկի կամ կոնյակ:

6․ Ֆրանսիա -կրյուշոն կամ տաք համեմված սիդր

Կրյուշոնը սպիտակ գինու հիմքով ըմպելիք է, որին ավելացնում են թարմ կամ պահածոյացված մրգեր, կոնյակ, շամպայն կամ լիկյոր։ Երբեմն կրյուշոնը նոսրացնում են հանքային ջրով և մատուցում սառը վիճակում։ Իսկ տաք համեմված սիդրը պունշերի ընտանիքի ևս մեկ ներկայացուցիչն է, որը պատրաստում են սիդրով՝ ավելացնելով դարչին, վանիլին, մշկընկույզ, շաքարի փոշի։

7․ Կակաչի կաթ-Լիտվա

Լիտվայում ամանորյա ավանդական ըմպելիք է համարվում կակաչի սերմերից պատրաստված ըմպելիքը, որը նման է նուշի կաթին։ Ըմպելիքի հիմքում կակաչի սերմերն են, ջուրն ու մեղրը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ Գարեգին Սանատրուկի և այլ աղբյուրներից, Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031