Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք կորցնենք Արցախը, ես վերջնականապես կկորցնեմ իմ Մենուային եւ շատ ծնողներ կկորցնեն իրենց զավակներին». Տոնոյանը՝ Արցախ մեկնելու մասին

Դեկտեմբեր 30,2022 00:11

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ մեկնում է Արցախ՝ նվերներ տանելու: Նա այցը նախատեսել էր այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հույս կար, որ Արցախը կապաշրջափակվի:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում տիկին Տոնոյանը պատմեց, որ «Հայ ասպետ» դպրոցի երեխաները ցուցահանդես-վաճառք են կազմակերպել ու 1 մլն 200 հազար դրամ գումար հավաքել. «Մենք այսօր Ջերմուկ էինք գնացել ու Ջերմուկի զորամասեր տարանք օգնություն՝ երեխաների կողմից: Հիմա ամեն ինչ անում ենք, որ փորձենք Արցախ հասցնել: Հենց բացվի միջանցքը՝ կգնանք: Ես 2 տարի խուսափել եմ գնալ, ասել եմ՝ ի վիճակի չեմ տեսնել, մի տեսակ վախ ունեի:

Հիմա, երբ Արցախը շրջափակման մեջ է, հանկարծ ինքս ինձ  հասկացա, որ իմ անձնական տառապանքը չպետք է վեր դասեմ: Այնտեղից հարյուրավոր նամակներ եմ ստացել, որ սպասում ենք ձեզ ու եթե ես իմ ներկայությամբ կարող եմ այդ մարդկանց փոքր-ինչ ուժ տալ, ապա պարտադիր պիտի գնամ՝ անկախ նրանից, թե ինչ տառապանքների միջով կանցնեմ: Որ օրը բացվեց ճանապարհը, հաջորդ օրը ես կգնամ: Մենուան ոնց որ կանչում է Արցախ, տարօրինակ բան է, ոնց որ Արցախը հիմա լինի իմ հայրենիքը: Արցախն իմ ցավոտ վերքն է, ոնց որ Մենուաս: Իր կյանքի գինն է ինձ համար Արցախը ու ոչ միայն իր, հավատացեք, մայրերը այդպես են մտածում: Արցախը դարձել է մեր արժանապատվության միջնաբերդը»:

Կարին Տոնոյանը վստահեցրեց, որ այսօր Արցախն է այն փրկօղակը, որ մեզ կարող է հանել այս վիճակից. «Բոլորս գիտենք, որ իրականում գինը Սյունիքն է: Պարզից էլ պարզ է, որ Արցախն այսօր դարձրել են միջոց, որով կճնշեն մեզ, որ հետո ասեն՝ Արցախի ճանապարհը բացելու գինը սա էր: Դա բոլորն արդեն գիտեն, որ շուտով ասվելու է: Դրանով նաեւ մեզ կթշնամացնեն Արցախի հետ մեկ անգամ եւս, իբր քիչ են ասում՝ ձեր պատճառով Սյունիքը տվեցինք, ճանապարհ տվեցինք եւ այլն: Սա է իրականությունը:

Բայց Արցախի նկատմամբ սերը գիտակից մարդիկ երբեք չեն կորցնելու, նաեւ Արցախը վերադարձնելու նպատակն ու հույսը չեն կորցնելու, անգամ, եթե հիմա ճանաչվի Ադրբեջանի կազմում: Եթե մենք կորցնենք Արցախը, ես վերջնականապես կկորցնեմ իմ Մենուային եւ շատ ծնողներ կկորցնեն իրենց զավակներին: Արցախի ազատագրումը, Արցախի հաղթանակը միակ սփոփանքը կլինի մեր անսփոփ վշտին, դրանից այն կողմ ոչինչ մեզ չի հետաքրքրում: Նոր տարի են անու՞մ՝ լավ են անում, ի վերջո մենք հասկանում ենք, որ մեր տղաների կյանքը տվել ենք, որ հայը  ապրի, բայց մի խնդրանք ունենք ընդամենը՝ ամեն ինչ չափի մեջ լինի: Մենք չենք ասում՝ Նոր տարի մի արեք, որովհետեւ մեր զավակները չկան: Ասում ենք՝ եթե Արցախում այդպիսի վտանգ կա, զուսպ լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031