Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքա՞ն բարձր է պետք գոռալ

Դեկտեմբեր 30,2022 10:00

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր վերջին հարցազրույցներից մեկում այն համոզմունքն է հայտնել, որ մեղավորը ոչ այնքան թուրքերն են, ոչ էլ, առավել եւս, արտաքին խաղացողները, որքան՝ մենք: «Ես էլ եմ մեղավոր… Երեւի բարձր պետք է գոռայի, որ ձայնս լսելի լիներ: Ո՞նց կարող է 3,5 հազար տարվա պետականություն տեսած ժողովուրդն այդպիսի սխալներ անի», – հարցնում է Բագրատյանը՝ նկատի ունենալով, մասնավորապես, քաղաքացիների մեծամասնության ընտրությունը 2018 եւ 2021 թվականներին:

2018 թվականն ինձ համար պարզ է. երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը փաստացի ասում էր՝ «Հիմա էլ անվերջ եմ երկիրը ղեկավարելու», եւ դա քաղաքացիների համար խիստ վիրավորական էր: Մարդկանց մեջ առաջացած ցասումը ես արդար էի համարում, եւ թեեւ ձայնս «Իմ քայլին» չէի տվել, եւ ընդհանրապես, մշտապես դեմ եմ արտահայտվել հեղափոխություններին, բայց հասկանում էի մարդկանց ընտրությունը:

2021-ին, պատերազմում պարտվելուց հետո, մեր ժողովուրդն իսկապես սարսափելի սխալ թույլ տվեց, եւ այդ սխալի հետեւանքները մենք վայելում ենք այսօր ու, ցավոք, դեռ վայելելու ենք վաղը: Որքան էլ բարձր գոռամ՝ «Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվել եք», միեւնույն է՝ իմ ձայնը լսելի չի լինի: Այնպես որ՝ պարոն Բագրատյանը ճիշտ է, բայց մասամբ՝ ձայնի ուժգնությունն այստեղ կապ չունի:

2021-ի սխալի հետեւանքը նաեւ Արցախի այսօրվա շրջափակումն է: Եվ հիմա ես, աշխատելով լրատվական դաշտում, ամեն օր հրապարակավ խոսելով ու գրելով այդ տմարդի ագրեսիայի մասին, կարող եմ փաստել, որ հայաստանցիներից շատերը, թեեւ լսել են, որ այդպիսի խնդիր կա, այնուամենայնիվ, չեն պատկերացնում աղետի մասշտաբները: Ավելի ճիշտ, չեն ուզում լսել դրա մասին, քանի որ դա խախտում է նրանց հոգեկան հարմարավետությունը:

Եվ քանի որ այդ «ջայլամության» համար բերվում են իշխանության քարոզչական թեզերի վրա հիմնված «քաղաքական փաստարկները»՝ «նախկիններ», ռուսներ եւ այլն, ես ենթադրում եմ, որ դա 2021 թվականի սխալի շարունակությունն է:

Չգիտեմ՝ ինչպես պիտի գոռամ, որ շարժեմ մարդկանց գթասրտությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Պետք չէ գոռալ,վերցնում եք բահը և սկսում եք Կոռնիձորի մոտից թունել փորել դեպի Ստեփանակերտ։
    Ձեզ սկզբում կծաղրեն, հետո ոմանք կմիանան,(ինչպես այն ֆիլմի հերոսի դեպքում )
    Ի վերջո, եթե մեկ միլիոն մարդ հավաքվի և ամեն մեկը 10 սմ փորի,մենք կունենանք թունել դեպի Ստեփանակերտ։

  2. Լավատես says:

    Իսկական խաղացողները պատրաստվում են եւ, երբ գալիս է հարմար պահը, գործում են: Եթե պատրաստ չես, ապա բոլոր հարմար պահերը ձեռքիցդ բաց ես թողնում: Մենք ժողովրդով ինչ որ բանի պետք է պատրաստվենք եւ պատրաստ լինենք մեր անմիջական համայնքների հրամանով գործելու մեր երկրի ներսում, Արցախում եւ Սփյուռքում: Համայնքները մեր զինկոմիսարիատները պետք է դառնան եւ հավաքագրեն բոլոր տարիքների, սեռերի, առողջական եւ ֆինանսական վիճակների, կրթության հայերին, համատեղ ուժերով հիվանդներին ոտքի կանգնեցնել, չիմացողներին կրթել, ձեռքներս տալ համայնքի դրոշն ու դրանով ստեղծենք ազգ բանակ: Համայնքներն էլ իրենց վերհամայնքային կառույցն են ստեղծում՝ իր դրոշով եւ այդպես դեպի վեր: Համայնքներ հայության համայն աշխարհի, բարձրացրեք ձեր համայնքային դրոշն ու այդ դրոշի շուրջ հավաքագրեք ձեր համայնքային ազգ բանակը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031