Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. «Ադրբեջանը ուրախ կլիներ, եթե Լաչինում ադրբեջանցիների մի երկու դիակ ստանար, որպեսզի համաթուրանական թաղում կազմակերպեր»

Դեկտեմբեր 29,2022 23:23

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն այսօր գիտագործնական կոնֆերանս էր կազմակերպել «ԽՍՀՄ-100, պատմության դասերը եւ ապագայի տեսլականը» թեմայով: Aravot.am-ը զրուցել է շարժման նախաձեռնողներից Հայկ Բաբուխանյանի հետ:

-Ո՞րն է այսօրվա միջոցառման նպատակը եւ պատմության ո՞ր դասերը նկատի ունեք:

-Միջոցառումը նվիրված է Խորհրդային Միության ստեղծման 100-ամյակին: Նպատակը, նախ այս օրը նշելն է, որովհետեւ այն պատմության մեջ կարեւորագույն անկյունաքարային իրադարձություն էր նաեւ հենց մեր երկրի համար: Հայաստանը ԽՍՀՄ կազմի մեջ ոչ միայն ապրեց, այլեւ կայացավ, զարգացավ, ձեւավորվեց որպես հայ ազգի համաշխարհային կենտրոն, հայ ազգի մշակույթի կրող: Պատմությունը այսօր էլ շարունակվում է, որովհետեւ ներկայիս Հայաստանի պոտենցիալը ձեւավորվել է այն տարիներին եւ, կարելի է ասել, որ այս 30 տարին  մենք վայելում ենք մեր հայրերի ու պապերի կառուցածը, թեեւ, 2018-ից հետո շատ բաներ կորցրինք:

-Միութենական պետության մասին խոսողներն ի՞նչ կերպ են պատկերացնում Հայաստանի կարգավիճակը այդ միության մեջ:

-Պատկերացնում ենք որպես այդ պետության լիարժեք անդամ, որը կստանա հնարավորություն` պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, զարգացնելու տնտեսությունը, ապահովելու իր մշակութային, կրթական համակարգերի զարգացումը:

-ԽՍՀՄ կազմում այո, Հայաստանն անհամեմատ անվտանգ էր, սակայն չուներ իրական անկախություն եւ ինքնիշխանություն: Չե՞ք կարծում, որ նոր միութենական պետություն ձեւավորելով անկախությունը կկորցնենք:

-Ամենեւին ոչ: Հիմա մենք գտնվում ենք օտար երկրների կառավարման ներքո, որը հակահայկական բնույթ ունի: Բացի դա, հիմա շատ երկրներ ստեղծել են միություններ եւ գտնվում են այդ միությունների մեջ: Օրինակ, Եվրոպայի 28 երկրներ մտել են ԵՄ կազմի մեջ եւ ոչ թե կորցրել են իրենց անկախությունը, այլ ձգտել են դրան: Երբ 2013 թվականին Հայաստանը մտնում էր ԵԱՏՄ-ի մեջ, շատերն աղաղակում էին, թե մենք կկորցնենք մեր տնտեսական, մաքսային անկախությունը: Բայց փաստ է, որ ստեղծելով միասնական մաքսային ծառայություն, մեր մաքսային մուտքերն ավելացել են, տնտեսական փոխհարաբերությունները զարգացնել են:

Ավելին, երբ Ադրբեջանը պահանջեց, որպեսզի բացվի, այսպես ասած, առանց մաքսային վերահսկողության մի ճանապարհ իր բեռների համար, Ռուսաստանն անմիջապես հակադարձեց, որ սա ոչ միայն Հայաստանի սահմանն է, այլ նաեւ ԵԱՏՄ-ի եւ այդ սահմանը պետք է ենթարկվի ԵԱՏՄ-ում գործող օրենքներին: Այսինքն, հասկանալի է, որ դրանով մեր ինքնիշխանությունը ավելի ամրացվեց, որովհետեւ մեր տնտեսական սահմանը պաշտպանում ենք ոչ միայն մենք, այլեւ ԵԱՏՄ երկրները: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր օրենքներին, եվրոպական երկրները նույնպես սահմանում են ընդհանուր օրենքներ եւ ենթարկվում դրանց, ինչից Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Իտալիայի անկախությունը չի նվազում:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ Լաչինի միջանցքի մասին, որը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է: «Ռուսաստանի խաղաղապահ զորքն այսօր պաշտպանում է Արցախը: Հակառակ դեպքում, այն խաժամուժը, որ հավաքվել է այնտեղ, իսկ դրանք իրականում հատուկ ջոկատայիններն են, կներխուժեին Արցախ եւ արյունահեղություն կլիներ: Պետք է հասկանանք նաեւ, որ Ադրբեջանը ուրախ կլիներ, եթե այնտեղ սադրեր բախումներ եւ ադրբեջանցիների մի երկու դիակ ստանար: Ադրբեջանը համաթուրանական թաղում կկազմակերպեր եւ այդ առիթով կպահանջեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դուրս բերել տարածաշրջանից: Եվ երրորդ. պետք է հասկանանք, որ Ռուսաստանն Արցախում ունի երկու հազար խաղաղապահներ, որոնք  շրջապատված են 100 հազարանոց թուրք-ադրբեջանական զորքով: Հասկանալի է, որ Ռուսաստանին երկրորդ ճակատ պետք չէ եւ Ռուսաստանը գործադրում է հարցը կարգավորելու դիվանագիտական քայլեր: Կարծում եմ, որ դա ի վերջո կունենա արդյունքներ: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի իշխանությունները ինքնամեկուսացել են այդ գործընթացից ու չեն փորձում գտնել լուծումներ, որոնք կտան արդյունքներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման Սաղաթելյան says:

    ՀՀ ինքնիշխանության դեմ քարոզը քրեական հանցանք է։ Ժամանակն է ռուսական 5-րդ շարասյան սույն հրամանատարին ուղարկել Նուբարաշենի ՔԿՀ

  2. Հայկ says:

    Չգիտեմ այս մարդն ով է,բայց հստակ մանիպուլյացիա է անում։
    ԵՄ֊ն դա պետություն չէ, այլ միություն է մեր ԵԱՏՄ ի նման։
    Հարց է առաջանում, եթե մենք ռուսների հետ ԵԱՏՄ ի և ՀԱՊԿ ի անդամ ենք, ինչու պետք է իրենց հետ նոր պետություն ձևավորենք։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031