Երեկ Արցախի կառավարությունը և «Բեյզ Մեթըլս» ընկերությունը հայտարարեցին, որ Կաշենի հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում են՝ հայտնելով միջազգային բնապահպանական փորձաքննություն անցնելու պատրաստակամության մասին, քանի որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը:
Լրատվամիջոցներով տարածված երեկվա տեղեկատվության համաձայն շահագործումը դադարեցվում է մինչ փորձաքննության իրականացումը/ավարտը:
ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ էր արցախյան կողմից բուն որոշման ակտի տարածումը, որով հանքի ՎԵՐԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ուղղակիորեն չի կապվում փորձաքննության ԱՎԱՐՏի հետ:
Սա ընդգծում եմ՝ հաշվի առնելով արտադրության կենսական նշանակությունը Արցախի Հանրապետության բյուջեի և արցախահայության ֆիսկալ ինքնավարության համար:
Կարդացեք նաև
Կարծում եմ սակայն, որ Արցախի կառավարության հաջորդ, դեռևս չհայտարարված հաղորդագրությունը պետք է լինի այն, որ տվյալ քայլով իրենք ուղղակիորեն ակնկալում են Բերձորի ճանապարհի բացում:
Չէ՞ որ քայլն արվել է հենց «ծայրահեղական ակտիվիստների» բնապահպանական մտահոգությունները փարատելու համար, ուստի այս նոր իրավիճակում շարունակել ճանապարհը փակ պահելը կնշանակի սպառված բնապահպանական օրակարգից այլ օրակարգի իրականացում՝ 120 հազար մարդկանց հիմնարար իրավունքների անօրինական խախտում, տեղաշարժի, բուժման, կյանքի անձեռնմխելիության իրավունքների ոտնահարում, ընդհուպ՝ ցեղասպան գործողություն:
Արցախի հանքի վերաշահագործումը պետք է չուշանա ճանապարհը չբացելու կամ միջազգային կազմակերպությունների կողմից պատշաճ արձագանք չստանալու դեպքում:
հ.գ. միջազգային փորձաքննության ցանկացած ձևաչափից պետք է դուրս մնա ադրբեջանական կողմը, իսկ Anglo-asian ընկերության ներգրավման բացառման մասին, կարծում եմ, ավելորդ է անգամ նշել:
Լիլիա Շուշանյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ