Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ԱԱԾ-ի խառնվելուն՝ «նախագահն», այնուամենայնիվ, հայտնվեց հիվանդանոցում

Դեկտեմբեր 29,2022 21:21

Օկսանա Նեկրիտովայի պիեսի հիման վրա բեմադրված «Պառկեք, պարոն նախագահ» կատակերգությունն արդեն հասցրել է Հայաստանում աղմուկ հանել՝ եւ վերնագրի պատճառով, եւ ԱԱԾ-ի հետ կապված հայտնի միջադեպի: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի պահանջով նախ արգելափակվել էր ներկայացման կայքը, այնուհետեւ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի բնակարան:

Իսկ ինչի՞ մասին է Հայաստան տեղափոխված ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտի բեմադրած ներկայացումը, որտեղ զբաղված են Աննա Շամցյանը, Արտաշես Շահվերդյանը, Արմեն Մարգարյանը, Արամ Գյուրջյանը, Արեն Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ Վյաչեսլավ Պոտապենկոն:

Գավառական քաղաքում օրերն այնքան տաղտկալի են անցնում, որ նման են իրար: Տեղի հիվանդանոցում նույնպես ոչինչ չի փոխվում՝ նույն գլխավոր բժիշկը, հերթապահ բժիշկն ու բուժքույրը, ծեր հավաքարարը եւ հիվանդներ, որոնց կարելի է շփոթել իրար հետ: Ու հանկարծ փոքրիկ քաղաքի նույնքան փոքրիկ հիվանդանոցի անդորրը խախտվում է, երբ այնտեղ հայտնվում է ոչ սովորական բուժառու՝ ոչ ավել, ոչ պակաս այդ երկրի նախագահը, այն էլ ոչ իր ոտքով: Ու վերջ, բոլորը դառնում են կասկածյալ նրա ենթադրյալ մահվան համար՝ սկսած ալկոհոլիկ հավաքարարից, վերջացրած գլխավոր բժշկով:

Նախագահի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս մոտենալ հիվանդին, բայց ստիպում են ստորագրել ախտորոշման եզրակացության եւ այլ թղթերի տակ: Ու սկսվում է մղձավանջը՝ միմյանց սեւացնելու, միմյանց «գլխին սարքելու»: Մի խոսքով՝ համարյա 37 թիվ՝ էլ մութ ուժեր, էլ Արեւմուտքի միջամտության կասկած:

Ամեն ինչ էլ ավելի է լարվում, երբ հավաքարարը անվտանգության երիտասարդ աշխատակցին հարցնում է ՝ новичок? Այսինքն իր ոլորտում նո՞ր մարդ է: Բնականաբար, անվտանգության աշխատակիցը այլ «նովիչոկ» է ընկալում: Ողջ ներկայացման ժամանակ հանդիսատեսը ծիծաղում էր, ծափահարում ոգեւորությունից:

Ներկայացման կայքում հրաշալի բնորոշում է տրված, որ կատակերգությունը աբսուրդի ժանրում է, իսկ պիեսի տեքստը ներկայումս սուր ռեալիզմ է թվում. «Այն զվարճալի է, դրամատիկ, տեղ-տեղ ողբերգական ու վերջում՝ անսպասելիորեն ռեալիստական»: Մի հարցազրույցում ներկայացման պրոդյուսերն էլ ասել է, որ այն բյուրոկրատիայի մասին է, նաեւ կոմֆորմիզմի, եւ այն մասին, թե ինչպես է փոքր մարդն իր տեղը գտնում մեծ համակարգում: Մեկ ժամից մի փոքր ավել տեւած ներկայացումը բավականին թեթեւ էր, նաեւ ինտերակտիվ: Դերասանների խաղալու տարածքը ոչ միայն բեմն էր, այլեւ ողջ դահլիճը, իսկ ներկայացման մասնակից դարձած հանդիսատեսները գավառական քաղաքի հիվանդանոցի հիվանդները: Մինիմալիստական ձեւավորումներով դինամիկ ներկայացում էր: Ամբողջ դահլիճում՝ «հիվանդանոցում», ներերակային կաթիլային ներարկման պարագաներ էին կախված:

Պիեսն, իհարկե, գլուխգործոց չէր, բայց զգացվում էր, որ ռեժիսորը ջանք է թափել, չնայած այն ոչ մի արժեք չէր ունենա, եթե չլիներ դերասանների փայլուն խաղը: Ներկայացումը հետաքրքիր էր, սակայն նրա շուրջ աղմուկը, թերեւս, մի քիչ ուռճացված էր:

Նշենք, որ դեկտեմբերի 28-ի ցուցադրությանը ներկա էր նաեւ պիեսի հեղինակը: Ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովն ասաց, որ բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր ունեն, բայց առաջին հերթին ցանկանում են, որ այս ներկայացումն ապրի, երկար խաղան: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են հանդիսատեսի դատին մեկ այլ ներկայացում հանձնել՝ ըստ Սերգեյ Դովլաթովի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Գլխավոր լուսանկարը՝ Արամ Գյուրջյանի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031