«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Բերձորի միջանցքի խնդրին եւ որոշ հարցեր պարզաբանել. «Շատ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում, մարդիկ մտահոգված են, հարցեր ունեն: Որոշ մարդկանց էլ ուզում եմ ասել, որ տեղները նստեն, քանի որ իմ դեմ արշավ են ուզում սկսել: Հեսա ճանապարհի հարցը լուծվի, ձեզ էլ ենք անդրադառնալու, ձեր կեղտերի մասին էլ եմ խոսելու»։
Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Մեր ժողովրդական ցասումը, որ առաջացել է ճանապարհի բլոկադայի պատճառով, լրիվ հասկանալի է, որովհետեւ հայի ոգին չեն կարող քնեցնել եւ հային հավի ճուտ սարքել: Պարզ էր, որ մի սիրուն օր ժողովրդի արժանապատվությունը, ինքնասիրությունը գլուխ է բարձրացնելու: Մեր քայլերթը կապված է դրա հետ, ժողովուրդը որեւէ մեկի հետեւից չի գնացել:
Այս ամենը, ինչ անում ենք, իշխանության անգործության կամ թերի գործունեության պատճառով է, որովհետեւ ժողովուրդը տեսնում է անգործ են իշխանությունները, ուստի փորձում է իր բողոքը մտահոգությունները, հարցերն ինչ-որ մեկին ուղղել: Ստիպված է ինչ-որ մեկին դիմել, այդ մեկն էլ ռուս խաղաղապահն է: Մարդիկ փորձում են մեզ հակառուսական ներկել, բայց իրականությունը սա է՝ մարդիկ դժգոհ են, հարցեր ունեն: Գնացել ենք, Վոլկովին ենք ցանկացել հանդիպել, բայց ոչ թե նրա համար, որ այդ ամենը նրան ասենք ու պատասխաններ ստանանք նրանից, այլ որ վերեւներին ասի, ու պատասխանը վերեւներից ստանանք, հենց Պուտինից:
Ցավոք սրտի, Վոլկովն ամեն կերպ խուսափում էր մեզ հետ հանդիպումից, մենք նույնիսկ այնտեղ գիշերեցինք բազմաթիվ աղջիկներով, տղաներով, որ հասկանա հանրային պահանջ կա, ինչ-որ խմբի հանդիպի: Բոլորը գիտակցում են, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի խախտում է գնում, եթե իշխանությունը լռում է, մենք չենք կարող լռել, որովհետեւ պայմանագրի կետերը կարդալով ենք եկել այստեղ»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովն ասել է, թե ինքը չէ որոշողը եւ սպասում է հրամանի:
Տիգրան Պետրոսյանը փաստում է, որ ճանապարհը բացելու հետ կապված լուրջ առաջընթաց չկա, եւ առաջիկայում լուրջ վտանգներ են սպասվում, եթե այն չբացվի:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ