Այս տարվա միայն դեկտեմբերին Հայաստանում 4 կին է սպանվել, իսկ տարեկան կտրվածքով սպանվածների թիվը հասնում է 15-ի:
«Իրականում թվերի աճն ակնհայտ է, քանի որ դրա մասին խոսում են նաեւ կանանց աջակցման կենտրոնի գրանցած թվերը եւ իրականում դրա հիմնական պատճառն այն է, որ միգուցե կանայք սկսել են ավելի շատ ահազանգել, ավելի վաղ ահազանգել, քան ժամանակին անում էին, եւ հիմա թեժ գծերի հեռախոսազանգերը ավելացել են: Բայց դրա հետ մեկտեղ՝ կա ակնհայտ նաեւ կնասպանության դեպքերի աճ, այս տարի մենք կնասպանության 15 դեպք ունենք, որը վերջին տարիների ընթացքում ամենաշատն է եւ դրան գումարած դեպքերի դաժանությունը: Գործիքներ են կիրառվում, այս տարի կա նաեւ զենքի գործադրմամբ կնասպանության դեպք, այսինքն՝ նռնակի գործադրմամբ կնասպանություն, կա դեպք, երբ ամուսինը կնոջը սպանելուց հետո մասնատել է դիակը եւ տան տարբեր հատվածներում մարմնի մասերը թափթփված էին, ոտքերը դրսում էին, մարմնի տարբեր մասեր՝ ներսում, վիզը կտրել եւ այլն, ինչը վկայում է, որ ունենք դեպքերի դաժանացում»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Մեր զրուցակցի խոսքով, կնասպանության ահասարսուռ դեպքերի ավելացումը ահազանգ է, որ ընտանեկան բռնության կանխարգելումը պետք է պետության կողմից իրականացվի ավելի աչալրջորեն, եւ իրականացվող աշխատանքները պետք է ուղղված լինեն նման դաժան դեպքերի կանխարգելմանը, որ կանայք նախ ահազանգեն բռնության մասին ժամանակին, ստանան անհրաժեշտ պաշտպանություն ոստիկանության կողմից եւ ճիշտ ուղղորդվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, ինչպես նաեւ ապաստարաններ:
Կանանց սպանությունների մեջ մեղադրվող տղամարդկանց մեծամասնությունը, սովորաբար խոստովանում է, որ խանդի հողի վրա են կատարել սպանություն, այս պատճառաբանությունը մեր զրուցակիցը համարում է արդարադատությունից փախնելու ձեւ, շաբլոն արդարացում. «Խանդն ինքնին բավական սխալ ձեւակերպում է, որովհետեւ որեւէ տիպի քննություն չի ապացուցում, որ խանդի առիթներ կան: Դա ինքնին այդ անձանց փախուստն է արդարադատությունից, որով փորձում են արդարացնել իրենց կողմից կատարված զարհուրելի հանցագործությունը»:
Կարդացեք նաև
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի, ոչ վերջնական տվյալներով, կանանց աջակցման կենտրոնը առնվազն 70 կնոջ եւ երեխայի ապահով ապաստան է տրամադրել. «Դա բավականին մեծ թիվ է տարվա կտրվածքով, որովհետեւ նախորդ տարիների համեմատ՝ ամբողջ տարվա կտրվածքով ամենաշատը եղել է 60 կին, սա դեռեւս չամբողջացված տվյալներն են: 863 կին եւ երեխա ստացել են վերականգնողական ծառայություններ, իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություններ եւ այլն: Այսինքն՝ գրեթե տարվա կտրվածքով մոտ հազարի կհասնի այս թիվը, ինչը նույնպես վկայում է, որ թվերն աճել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ