Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակչությունը որևիցե ձևով չի կարող համատեղ ապրել Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ներքո․ Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie Magazine»-ին

Դեկտեմբեր 29,2022 17:59

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական և «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է «Nouvelles d’Arménie Magazine» ամսագրի հարցերին։

-Պարոն Առաքելյան, Դուք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականն եք և «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը։ Կարո՞ղ եք մի փոքր պատմել ձեր մասին:

-«Ապրելու երկիր» կուսակցության ստեղծման հիմքում ընկած է եղել հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և Արցախում, քանի որ պատերազմից հետո երկու հայկական պետությունների շուրջ եղած մարտահրավերները ամբողջովին փոխել էին այն իրականությունը, որում մենք գտնվում էինք։ Ես և իմ գործընկեր Մանե Թանդիլյանը կուսակցության ստեղծումը համարել ենք այն գործիքներից մեկը, որը հնարավորություն կտար մեզ ստեղծված մարտահրավերներին ավելի մեծ պատասխանատվությամբ դիմակայել։

Մինչ քաղաքական կուսակցությունը հիմնելը, պատերազմից անմիջապես հետո ես զբաղեցրել եմ Հայաստանի, իսկ տիկին Թանդիլյանը Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Հենց այդ ժամանակ էլ մեր համատեղ աշխատանքը միտված էր Արցախում հետպատերազմյան սոցիալական խնդիրների արագ հաղթահարմանը։ Նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո էլ մենք բաց չենք թողել որևէ առիթ լինելու Արցախի կողքին։

Հիմա էլ Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելը համարում ենք շատ կարևոր։ Եվ իմ՝ Արցախ տեղափոխվելն ու նրա թիմին միանալը Արցախի նկատմամբ մեր պատասխանատվությունն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակ ունի։

-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այսօր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։

Ցավոք, պատերազմից հետո Ադրբեջանի կողմից և՛ Արցախի, և՛ Հայաստանի նկատմամբ հայատյացության քաղաքականությունը, նաև ռազմական ագրեսիայի դրսևորումները խոսում են այն մասին, որ առնվազն այսօր բավականին հեռու ենք Ադրբեջանի հետ որպես հարևաններ խաղաղ գոյակցելու հնարավորությունից։ Հետևաբար տեղի ունեցած միջադեպը՝ Արցախի շրջափակումը, մեզ համար անակնկալ չի եղել։ Հերթական կեղծ պատրվակները բերելով՝ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտման և բնակչության նվազմանն ուղղված քաղաքականություն է վարում։ Շատերի, այդ թվում Ադրբեջանի համար զարմանալի էր, որ պատերազմից հետո 120 000 մարդ, որոնք չէին կորցրել իրենց կացարանները, վերադարձել է Արցախ։ Ավելին, տեղահանվածների մի մասն էլ այս պահին վերադարձել է Արցախ։ Դա Ադրբեջանին դուր չի եկել և դրա պատճառով է հաճախ ագրեսիայի դիմում՝ փորձ անելով ամեն կերպ խոչընդոտել Արցախում բնակչության խաղաղ ապրելը։

Այս պահին՝ արդեն 2 շաբաթից ավելի է՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհը փակված է։ Դա հումանիտար, սոցիալ-անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես կան տասնյակ քաղաքացիներ, որոնք հիվանդ են, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և չեն կարողանում ստանալ համապատասխան բուժում, քանի որ կա նաև դեղորայքի տեղափոխման խնդիր։ Բավականին մեծ տեմպերով սպառվում են նաև վառելիքն ու սննդամթերքը։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ արցախցին շարունակում է անկոտրում մնալ և պայքարել իր հողում ապրելու իրավունքի համար։ Մյուս կողմից, սակայն չենք կարող չընդունել, որ խնդիրները օրեցօր շատանում են և արցախցուն կանգնեցնում հումանիտար ճգնաժամի առջև։ Իսկ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքման ֆոնին Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։

– Զգո՞ւմ եք, կա՞ միջազգային հանրության բավական արձագանքը Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում 120 հազար հայերի մեկուսացման վերաբերյալ։

-Լրահոսի տեսանկյունից կարելի է համարել, որ միջազգային հանրությունը բավականին ակտիվ է եղել․ տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից լինում են հայտարարություններ, Ադրբեջանին ուղղված կոչերի շարք, սակայն ցավով պետք է արձանագրել, որ աշխարհը վաղուց այդ կոչերով չի կարողանում ապահովել խաղաղություն և մարդու իրավունքների պաշտպանություն։ Անկախ Արցախի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակից, կարգավիճակի մասին եղած քաղաքական կամ իրավական քննարկումներից, պետք է հաշվի առնել, որ Երկիր մոլորակի մի հատվածում 120 000 մարդ գտնվում է տոտալ շրջափակման մեջ և ունի հումանիտար աջակցության կարիք, և այս իրավիճակում միջազգային հանրությունը ոչ թե պետք է քաղաքական կամ իրավական կոչեր անի, այլ օր առաջ պատժի ագրեսոր Ադրբեջանին՝ Արցախի 120 000 բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով։

-Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելը որքանո՞վ էր կարևոր Արցախի համար։

-Արցախի նկատմամբ Ռուբեն Վարդանյանի հոգատարությունն ու նվիրվածությունը նոր բան չէ։ 20 տարուց ավելի է՝ նա բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում։ Հիմա էլ պետնախարարի պարտականությունը ստանձնելն ընդամենը նրա գործունեության շարունակությունն է։ 44- օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո էլ Վարդանյանը բազմիցս է խոսել Արցախի շուրջ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու կարևորության և եղած ու սպասվող մարտահրավերներին ավելի մեծ ռեսուրսներով դիմագրավելու անհրաժեշտության մասին։ Եվ այսօր, իսկապես, պարոն Վարդանյանն իր բոլոր կարողությունները ներդնում է եղած խնդիրները լուծելու համար։

Արցախի բնակչության շրջանում Ռուբեն Վարդանյանի առաջնորդությունը որոշակի դրական միջավայր է ձևավորել և, վստահ եմ, որ դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ներկայացվում է, որ Արցախի ուժեղացումը, մարտահրավերներին դիմակայելը Ռուբեն Վարդանյանի կամ մի քանի պաշտոնյաների խնդիր չէ․ ամբողջ աշխարհի և նաև հայության միասնական աշխատանքների շնորհիվ կարող ենք հասնել դրան և շատ կարևոր է, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ եղած վստահությունը ստեղծի միասնական պայքարի մեծ հնարավորություն։

-Ի՞նչ եք կարծում, որո՞նք են լուծումները, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը ապահով կապրի Արցախում իր հողի վրա:

-Անվտանգային բոլոր խնդիրների լուծումը պետության հզորացումն է։ Այսօր աշխարհում և նաև մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում և հետ նայելով յուրաքանչյուր 5 տարվան՝ հասկանում ենք, որ գրեթե բացառված էր կանխատեսելը, թե հաջորդ 5 տարիներին ինչպիսի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներ տեղի կունենան։ Հետևաբար` այսօրվա զարգացումները անխուսափելի են, որոնք, ցավոք, այս պահին դրական չեն անդրադառնում Հայաստանի և Արցախի վրա։

Լուծումը, նորից եմ կրկնում, մեկն է՝ օր առաջ հզորանալ, ունենալ տնտեսական, անվտանգային այնպիսի համակարգ, որ ի հեճուկս մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներին, կարողանանք պահպանել մեր պետականությունը և ամենակարևորը չունենանք տարածքային և մարդկային կորուստներ։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Արցախի ապագան, մասնավորապես նրա քաղաքական կարգավիճակը և կապը Հայաստանի հետ:

-Այն, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու, աներկբա է։ Արցախի բնակչությունը որևիցե ձևով չի կարող համատեղ ապրել Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ներքո։ Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ագրեսիան դրսևորվել է ոչ միայն արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս, այլ նաև և՛ խորհրդային ժամանակաշրջանում և դրանից առաջ։

Եվ ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ հարևանների դեպքում, ընտրությունը մերը չէ․ մենք հնարավոր համարում ենք Ադրբեջանի հետ որպես հարևաններ խաղաղ, կողքի կողքի ապրելը, բայց ոչ երբեք միասին լինելը։

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ կապին, ապա ակնհայտ է, որ առանց Հայաստանի հզորացման Արցախի հնարավոր հզորացումը շատ բարդ կլինի։ Հետևաբար մենք շատ կարևորում ենք Հայաստանի ու Արցախի համատեղ զարգացումն ու ինտեգրումը։ Արցախը մեր միասնական հայրենիքի մի մասն է, և Արցախը ոչ միայն արցախցիներինն է, այլ նաև Հայաստանի և ամբողջ աշխարհում ապրող հայերի հայրենիքն է։ Դրա համար կարևոր է՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Եթե այս պահին մեր միասնական հայրենիքի ամենախոցելի հատվածը Արցախն է, բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի հզորացմանը, որը Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի հզորացման հիմքը կարող է դառնալ։

-Ի՞նչ եք ակնկալում հայկական սփյուռքից:

-Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը և ակնկալիքները միշտ բավականին տարբեր են եղել և միշտ տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել։ Պետք է անկեղծ լինել և արձանագրել, որ մեր սփյուռքը բավականին բազմաշերտ է։ Կան միլիոնավոր հայրենակիցներ, որոնք երբեք չեն եղել մայր հայրենիքում, նրանցից շատերը չեն տիրապետում հայոց լեզվին, կամ հասկանում են, չեն կարողանում խոսել և այլն։ Եվ հետևաբար ունենալով ոչ միատարր սփյուռք՝ չենք կարող ակնկալել, որ միատարր, համակարգված համագործակցության կամ աջակցության ձևաչափեր կլինեն։ Սակայն դա ոչ թե խնդիր է կամ թուլություն, այլ հենց հնարավորություն մեզ համար․ սփյուռքի բազմաշերտ լինելը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում և տարբեր ձևաչափերով ունենալ համագործակցություն։ Իհարկե, հիմա էլ սփյուռքը տարբեր ձևաչափերով ներգրավված է և՛ Հայաստանի, և՛ Արցախի խնդիրների լուծմանը, բայց կարծում եմ, մենք դեռ շատ-շատ ավելի հնարավորություններ ունենք համագործակցության, քան այսօր է իրականացվում։

Կարևոր է, որ սփյուռքի մեր հայրենակիցները Արցախը և Հայաստանը համարեն իրենց երկիրը այնպես, ինչպես այստեղ ապրողներն են համարում, և ոչ թե ի աջակցություն մեր խնդրանքին մասնակցեն տարբեր ծրագրերի իրականացմանը, այլ հենց իրենք ստանձնեն տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և կրեն դրա պատասխանատվությունը։ Դրա համար խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանը և Արցախը լիարժեք բաց լինեն սփյուռքի մեր հայրենակիցների առջև և տան նրանց գործելու այդ ազատությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031