Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ 2022 թվականին հրատարակված մենագրությունների, գրքերի, ժողովածուների շնորհանդեսը։
«Յուրաքանչյուր աշխատության հետևում կանգնած է ամիսների, տարիների աշխատանք, որի շնորհիվ մեր ինստիտուտի արդյունքներն այս տարի էլ ավելի հարստացան։ Մենք անցում ենք կատարում միջազգային չափորոշիչների և 2023 թվականին նպատակ ունենք տեղ գտնել միջազգային գիտական շտեմարաններում», – իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց․ «Այս տարի Արևելագիտության ինստիտուտի արդյունքները տպավորիչ են։ Հայ-արևելագիտական միտքը պետք է դուրս գա միջազգային ասպարեզ։ Հարկ է, որ շատ լինեն օտարալեզու գիտական հրապարակումները։ Ավարտվող տարվա ինստիտուտի մյուս նվաճումն այն է, որ լուրջ քայլեր են կատարվել գիտական հանդեսները ներառելու «Սկոպուս» գիտատեղեկատվական և այլ միջազգային շտեմարաններում։ Այս ուղղությամբ ձեր այս քայլերը շոշափելի են ու հեռանկարային»։
Կարդացեք նաև
2022 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը լույս է ընծայել 17 աշխատություն։
Ելույթ ունեցողները շնորհավորեցին ներկաների գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նվաճումներ և երջանկություն։
ԳԱԱ