Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարգավորվեն Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները

Դեկտեմբեր 29,2022 17:00

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները: Որոշման ընդունման արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։ Հաշվի առնելով ՀՀ մարզային բնակավայրերում բնակարանաշինության ոչ բավարար մակարդակը՝ առաջարկվում է սահմանել արտոնյալ պայմաններ ծրագրի այն շահառուների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել անշարժ գույք Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 5 տասնյակ շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։

Գործադիրն ընդունել է նաև Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից Լեռնային Ղարաբաղին տրամադրել միջպետական վարկ 4 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Կպարզեցվի Ուկրաինայից մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պարզեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը: Որոշմամբ առաջարկվում է Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը ՀՀ-ում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը ՀՀ քաղաքացի կամ ՀՀ երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։ Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ առաջարկվում է նաև որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո։

Կոտայքի մարզում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն

Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։ Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի քան 1300 աշակերտ, սակայն դպրոցը չունի դահլիճ։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան, գրադարան–ընթերցասրահ, տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության, արհեստների զարգացման, պարի և այլ խմբակների համար նախատեսվող տարածքներ։ Կենտրոնի ստեղծումը համայնքում կօժանդակի ուսումնական ծրագրերի, մշակույթի զարգացմանը, երեխաների զբաղվածության բարձրացմանը, նրանց դաստիարակության կազմակերպմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։ Սահմանվել է նաև, որ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թ.-ին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։

Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին: Այդ նպատակի համար բնակավայրում գտվող հողամասը նվիրաբերվել է համայնքին:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 Կառավարության որոշումներով «Նոր փրոջեկտս» և «Սոլարա» ՍՊ ընկերությունները կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Նոր փրոջեկտս»-ը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում՝ գրանցելով բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ: 2018 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացնելու է Երևանում։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2025թ. ավարտը նախատեսվում է կառուցել նոր արտադրական համալիր, շուրջ 6,000 քմ մակերեսով, ձեռք բերել ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա, ինչպես նաև հագեցնել արտադրությունը նորարարական տեխնոլոգիաներով և ծրագրային լուծումներով, ինչը հնարավորություն կտա շուրջ 3 անգամ ավելացնել արտադրության և արտահանման ծավալները և ավելի քան 2 անգամ ավելացնել աշխատատեղերի քանակը։ Գործունեության ընթացքում կատարվել է 330 մլն ՀՀ դրամի ներդրում հիմնական միջոցների և շրջանառու կապիտալի մեջ, ինչպես նաև նոր արտադրական համալիրի համար նախատեսված տարածքի և շինությունների ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.6մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 300 մլն-ը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ձեռքբերման համար, 150մլն-ը նոր արտադրական համալիրի շինարարության համար, իսկ մնացածը հումքի և նյութերի ձեռքբերման համար: Կստեղծվի 111 նոր աշխատատեղ՝ մինչև 489 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 99.5 մլն դրամ։

«Սոլարա» ընկերությունը ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Կայանների բացումը նախատեսվում է 2023 թ. կեսին։ Ծրագիրն իրականացվելու է Աբովյանում։ 2019 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 355.7 մլն դրամի ներդրում, ձեռք են բերվել տարածքները, որտեղ կազմակերպվելու է ամբողջ գործունեությունը։ Ձեռքբերված տարածքներում կատարվել են 111 մլն դրամի ներդրում՝ ուղղված վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների և հավաքովի շենքերի, ալյումինե հոսքագծի ձեռքբերման համար։ Ներդրումների մյուս մասը նախատեսվում է օգտագործել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից բխող աշխատանքների կազմակերպման և իրականացման համար։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 170-190 նոր աշխատատեղ՝ մինչև 650 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 309 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:

Կառավարության 2022 թվականի վերջին նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը նախապես շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել հաջողություններ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031