Արցախի շրջափակման ամեն մի օրն ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք համակարգված աշխատում ենք մեր գործընկերների հետ, հեռահար խորհրդատվություններ կատարում, Երևանի մեր բժշկական կենտրոնների մասնագետներն ակտիվ կապի մեջ են, և ընթացիկ մասնակցում են պացիենտների վերականգնմանն ուղղված աշխատանքներին, բայց դա չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվում է։ Փակ լինելու ամեն օրը խորացնում է հումանիտար ճգնաժամը: Կա դեղերի, բժշկական նշանակության առարկաների, պարենի եւ անհրաժեշտ այլ ապրանքների անբավարարություն։ Արվում է ամեն բան, որպեսզի այդ պակասը լրացվի։ Բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի՝ արդյոք «Կարմիր խաչին» հաջողվեց դեղորայք հասցնել Արցախ, Ավանեսյանն ասաց, որ աշխատում են միջազգային մարդասիրական կառույցների հետ, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը ուղղվում է, քանի որ ճանապարհն ամեն օր փակ լինելն ավելի է խորացնելու հումանիտար ճգնաժամը։
Հիշեցնենք, որ արդեն 18 օր է, ինչ ադրբեջանցի իբր բնապահպաններ փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ