Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա օրերին տաք եղանակ կլինի, առանց ձյան․ Աֆրիկայից տաք հոսանքներ են գալիս

Դեկտեմբեր 29,2022 14:45

Ամանորի գիշերը դիմավորելու ենք առանց ձյան տեղումների, ավելին՝ մինչեւ հունվարի 5-ը եւս ձյուն չի տեղա։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՇՄ նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ տեւական ժամանակ է՝ Հայաստանը գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում եւ մինչեւ հունվարի 5-ը այս հզոր անտիցիկլոնը պահպանվելու է հանրապետության բոլոր մարզերում, այսինքն՝ լինելու է տաք եղանակ եւ պարզ երկինք։

Հունվարին աֆրիկյան տաք հոսանքներ են «հյուր գալու»․ Սուրենյանն ասաց, որ հենց հունվարի 1-ից Աֆրիկայից արեւադարձային տաք օդային հոսանքների բուռն ներհոսք է լինելու, բայց դրան չեն արձագանքի Երեւանն ու Արարատյան դաշտավայրը, քանի որ այս շրջաններում սառը օդի լճացում կա, որն էլ արգելափակելու է աֆրիկյան հոսանքը։ Բայց սա, ըստ Սուրենյանի, չի նշանակում, որ Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում ցուրտ է լինելու։

Սուրենյանի ներկայացմամբ՝ հունվարը տաք է լինելու, օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 2-3 աստիճանով, տեղումների քանակն էլ՝ նորմայից պակաս։

Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 1-3-ը օդի ջերմաստիճանը, ինչպես ասաց Սուրենյանը, լուրջ բարձրանալու է՝ 5-6 աստիճանով, Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում կլինի +16-17 աստիճան, սա նորմայից բարձր է 8-10 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ 2022 թվականին էլ մեր երկրում գրանցվել է ցայտուն արտահատված անոմալ եղանակային ռեժիմ․ «Գրեթե չի եղել մի ամիս, որ ե՛ւ օդի ջերմաստիճանը, ե՛ւ տեղումների քանակը լինեն նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարին շատ տաք է եղել եւ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, որն ուղեկցվել է տեղումների խիստ սակավությամբ: Տեղումների քանակը կազմել է նորմայի 20-50%-ը։ Ապա հաջորդել է շատ ցուրտ մարտը, օդի ջերմաստիճանը նորմայից 2-3 ասատիճանով ցածր է եղել։ Այդ ցածր ջերմային ֆոնը ուղեկցվել է ձյան առատ տեղումներով։ Որոշ բնակավայրերում ձյան ծածկը կազմել է 1-1,5 մետր, ինչն օդերեւույթաբանական պատմության մեջ մնաց որպես ամենաձնառատ մարտ»։

Սուրենյանի ներկայացմամբ՝ ցուրտ մարտից հետո բավականին տաք ապրիլ գրանցվեց, հետո կրկին ցուրտ մայիս, երբ օդի ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճան ցածր էր։ Ամռան ամիսներին էլ շատ շոգ էր, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2-3 աստիճանով, այս ամիսներին տեղումներն էլ շատ քիչ էին։ Իսկ սեպտեմբերին գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան, հոկտեմբեր-նոյեմբերին էլ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր՝ սակավ տեղումներով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031