Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հաջորդ որոշումը լինելու է վերահսկող անցակետերի տեղադրումը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին». Էդգար Ղազարյանը «Բեյզ Մեթըլս»-ի աշխատանքը դադարեցնելու մասին

Դեկտեմբեր 29,2022 14:30

«ԿԲ ընդունելությանն ամեն տարի մասնակցել են առեւտրային բանկերի ներկայացուցիչները, ԿԲ աշխատակազմը, նայում ես նկարները՝ ամբողջ երկրի ղեկավարությունը գնացել է: Ասում է՝ բանկերն այս տարի 197 միլիարդ դրամի շահույթ են գեներացրել: Պարզ է՝ ինչու եւ ինչ կոռուպցիոն սխեմայով. հրատապ օրենք ընդունեցին՝ կանխիկ շրջանառությունների սահմանափակման մասին, օրենքը ընդունելուց երեք ամիս հետո մտավ ուժի մեջ, շրջանառությունը տարան բանկեր, արտարժույթի փոխարժեքը իջեցրեցին անհամեմատ ցածր, բանկերում հսկայական եկամուտներ առաջացրեցին. իր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոշոր բանկի սեփականատեր է, իր պատգամավորներից մեկը բանկի խոշոր սեփականատեր է, Տիգրան Ավինյանը բանկի կառավարման խորհրդի անդամ է, իսկ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն էլ հատուկ հանձնարարություններով դեսպան է ու մինչեւ հիմա պարզ չի, թե ի՞նչ ֆունկցիա է կատարել: Ակնհայտ է, թե իրենք ինչի էին գնացել ԿԲ. փողի համն առել էին, գնացել էին էդ փողի ետեւից»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում՝ Բերձորի միջանցքի, արդեն 18 օր փակ լինելու ֆոնին, հայաստանյան իշխանական վերնախավի ամանորյա տրամադրությունների եւ տոնակատարությունների մասին իր կարծիքը բարձրաձայնեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:

«Բոլոր ժամանակների դավաճաններով մրցանակաբաշխություն են անում՝ «Մեր ժամանակների հերոսը» ու էդ «հերոսներից» ոչ մեկին մեր հասարակությունը չի ճանաչում. նայում ես, մեկը ճակնդեղի թթու է արտադրել, մյուսը՝ շոկոլոդ, կահույք, մեկն էլ ապակու վրա նկարել է. մարդ են, իրենց համար, իրենց բիզնեսով են զբաղվում, դրա հերոսությունը ո՞րն է»,- տարակուսեց նախկին դեսպանը՝ հավելելով, որ թուրքական վիլայեթությունում խրախուսվել է հայկական արհեստագործությունը: Նա նաեւ հիշեցնում է, որ այս տարի լրացավ հայկական բանակի 30-ամյակը ու այդ առիթով որեւէ միջոցառում տեղի չունեցավ՝ պատճառաբանելով վարչապետի, իբր կորոնավիրուսով հիվանդ լինելը, բայց, իրականում, իր կարծիքով այն պատճառով, որ Ալիեւն ասել էր՝ դուք բանակ չպիտի ունենաք, բանակի օր չպիտի նշեք, ՀՀ անկախության օրը, պետական մակարդակով մի ձեւով նշվեց՝ զոհվածների ծնողներին ծեծել են իրենց երեխաների գերեզմանների մոտ, Եռաբլուրում, ՀՀ որեւէ դեսպանատուն, բայցի Ֆրանսիայի եւ Գերմանիայի, անկախության տոնի ընդունելություն չեն կազմակերպել:

Էդգար Ղազարյանը նաեւ չի հասկանում, թե ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանի հրամանագրով, ԶՈՒ ողջ անձնակազմը պարգեւավճար ստացել. «Որ ադրբեջանցիները Ջերմուկից 4,5 ԿՄ հեռավորության վրա՞ են, որ Սեւ լճի նկատմամբ վերահսկողություն չունի՞, որ երկու օրվա ընթացքում 240 մա՞րդ է զոհվել»:

Անդրադառնալով երեկ Արցախում կայացված որոշմանը՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել, բանախոսը կարծիք հայտնեց, որ հաջորդ որոշումը լինելու է վերահսկող անցակետերի տեղադրումը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, ինչը պահանջում է Ադրբեջանը եւ ինչի մասին անընդհատ ահազանգում ենք մենք: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ է մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակում պաշտոնավարել, այն պարագայում, երբ չի կարողանում կառավարել: Իրեն զարմացնում է նաեւ հանրության հանդուրժողականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031