Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար քրեական պատասխանատվություն կսահմանվի

Դեկտեմբեր 29,2022 14:06

«Այս փոփոխությունը նշանակում է, որ որևէ մեկը չի՞ կարող հրապարակայնորեն կոչ անել Հայաստանի Հանրապետություն` որպես պետություն գոյություն չունենալու մասին և ընդհանրապես ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ իրականացնելու». այսօր ՀՀ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը նման հարց տվեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, երբ նա ներկայացնում էր ՔՕ-ի նոր փոփոխությունները:
«Այո», – պատասխանեց Գրիգոր Մինասյանը` միաժամանակ հիշեցնելով, որ գործող Քրեական օրենսգրքով արդեն իսկ քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար, ուստի նոր կարգավորումը լինելու է այդ հանցագործությունների շղթայի տրամաբանական շարունակությունը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է առաջարկում, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

Օրինագիծը ներկայացնելիս՝ ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, մինչդեռ ինքնիշխանությունից կամավոր հրաժարվելու կամ բռնի պարտադրելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, թեև ինքնիշխանությունը պետության հիմնական հատկությունն է։

«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,– պարզաբանեց Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչև առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվու է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031