Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո՝ պարզվել է, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի տնօրենի պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում, տարբեր ժամանակահատվածներում, թվով 7 աշխատակիցներ պարբերաբար չեն ներկայացել աշխատանքի, բայց վարձատրվել են խոշոր չափի գումարներով։
Բացի սրանից, ՊՈԱԿ-ում չարաշահումներ են կատարվել վառելիքի բաշխման գործընթացում:
Տեղեկություն է ստացվել նաեւ, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածքում համապատասխան գործունեություն ծավալող ձեռնարկությունների աշխատակիցներին սանիտարական գրքույկներ տրամադրելու գործընթացը հիմնարկի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացնելու փոխարեն տնօրենի ցուցումով դրանք տեւական ժամանակ իրականացվել է միայն տնօրենի տեղակալի կողմից։ Նշենք, որ վերոնշյալ տնօրենը պաշտոնավարում է 2005 թվականից։
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն՝ հետագա քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ