Հռոմի կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է 2021թ. մայիսից սկսած, այնուհետև 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Կառավարությունը հավանության արժանացրեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հետադարձորեն ճանաչելու և վավերացնելու օրենքի նախագծի փաթեթը։ ՀՀ-ն այս կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ այն չի վավերացվել։
«Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները բացառելու համար այդ հանցագործությունները կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելը այդպիսի հանցագործությունների կանխմանը»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը։ Մինասյանի խոսքով, այս որոշումով Հայաստանը կկարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պատերազմական հանցագործությունների վրա։
Կարդացեք նաև
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման բարձր ռիսկի պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։
Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ այս որոշմանը հանգել են երկար քննարկումների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանության հարցը կորոշի:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք, եթե այս կանոնադրությունը վավերացվի, ՀՀ ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Այո, Հայաստանի տարածքում, դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման հետ կապված քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու միջազգային քրեական դատարանի առաջ»: Նա հավելեց, որ կապ չունի, որ Ադրբեջանը չի վավերացրել այդ կանոնադրությունը, քանի որ խոսքը ՀՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ