Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահներին վարկաբեկելու գործը հանձնարարված է ՀՀ իշխանությանը». Էդգար Ղազարյան

Դեկտեմբեր 29,2022 13:40

«Պատկերացնո՞ւմ եք, ռուսական կողմը սկսի քննարկել՝ ասելով, որ ձեր ԱԽ քարտուղարը ասում է՝ Միութենական պետությանն անդամակցելու պահանջ են մեզ ներկայացնում, վարչապետն էլ այսպիսի բան է ասում. դժգո՞հ եք մեզնից, հայկական ժողովրդավարությունն իր դեմքն է ուզում փրկել, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել, մենք էլ ժամկետից շուտ ենք ավարտում մեր առաքելությունը: Վաղը, ասենք, ՌԴ նախագահը հրաման է տալիս՝ խաղաղապահ առաքելությունն Արցախից դուրս է գալիս: Ի՞նչ է լինելու»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կկատարվի Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի երազանքը, քանի որ նրանք միասին են իրականացնում ռուս խաղաղապահներին այդ տարածքից հանելու ծրագիրը: Բանախոսը հիշեցնում է, որ առաջին հերթին Ադրբեջանի նախագահն է, որ չի ցանկանում այդտեղ ռուս խաղաղապահների ներկայություն, բայց նա մինչ այսօր ռուս խաղաղապահների մասին «մի թթու խոսք» չի ասել, քանի որ «այդ գործը հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին»:

Հիշեցնենք, այսօր էլ, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բերձորի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է եւ այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը:

«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահի զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթեւեկության համար,  սին են եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, եւ սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ  պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ եթե  Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի. «Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի  միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ»:

Էդգար Ղազարյանն անդրադարձավ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազա գնալու կոչերին, եթե Բերձորի միջանցքն այսօր չբացվի. «Ի՞նչ կապ ունի 102-րդ ռազմաբազան: Հայաստանում ռուսական երեք ռազմական առաքելություն կա՝ խաղաղապահ զորքերն են, 102-րդ ռազմաբազան եւ ՌԴ ԱԾ սահմանապահ զորքերը. դրանք տարբեր առաքելություններ են՝ տարբեր զորամիավորումներով, տարբեր խնդիրներով: Հիմա ակնհայտ է, որ սրանք՝ իրենց իշխանությունով, իրենց կեղծ ընդդիմությունով, տեռորիստական կազմակերպություններով, իրականացնում են հակառուսական գիծ: Ռուսներն էլ ասում են՝ լավ դժգո՞հ եք, մենք դուրս ենք գալու ու դուրս են գալիս. ո՞վ է պաշտպանելու Արցախը, բացվելո՞ւ է այդ ճանապարհը»:

Էդգար Ղազարյանը նաեւ հստակեցնում է, որ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չի հանդիսանում, կողմերը՝ ՀՀ-ն եւ Ադրբեջանն են, իսկ ՌԴ-ն՝ միջնորդական ջանքեր է գործադրել՝ այդ հայտարարությունը ստորագրելու համար եւ ունի խաղաղապահ առաքելություն՝ ձեռք բերված համաձայնությունները վերահսկելու իմաստով. «Օրինակ, Բերձորի միջանցքի մասով, ռուսական կողմի պատասխանատվությունն է՝ վերահսկողությունը, պարտավորությունները ստանձնել են ՀՀ-ն եւ Ադրբեջանը եւ եթե Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, Հայաստանի  պատասխանատվության խնդիրն է ապահովել դրա կատարումը»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու՝ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում. «Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք  այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ  կարգավորումների հասնելու համար»:

Անդրադառնալով այս հայտարարությանն էլ՝ Էդգար Ղազարյանն ասաց, թե Ադրբեջանը հիմա է նախապատրաստվում սադրանքի եւ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հիմա է հայտարարում. «Որովհետեւ, հանձնարարեցին քեզ՝ Նիկոլ Փաշինյան, որպեսզի դու լուծարես ՊԲ-ն, հայկական զորքերը դուրս բերես Արցախից, ծանր տեխնիկան դուրս բերես: Երկրորդ՝ նոյեմբերի 9-ով Լաչինի միջանցքը դու թողել ես ադրբեջանական վերահսկողության ներքո. որտե՞ղ է գրած, որ Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը հիմա պիտի չլինեն հայկական վերահսկողության ներքո: Դու ես տվել: Բա որ տվել ես, ռուս խաղաղապահներին այդ մասին ասե՞լ ես: Այն ճանապարհը, որը պետք է երեք տարվա ընթացքում նախագծվեր, Շուշին շրջանցող ճանապարհն է: Այսինքն, եթե այս երկու տարվա ընթացքում, էդ ձորով կառուցած լինեին շրջանցող ճանապարհ, այսօր ադրբեջանցիները ֆիզիկապես չէին կարողանա դա փակել: Իրենք այդ ճանապարհը չեն կառուցել ու ստեղծվել է այս իրավիճակը, ՀՀ-ն կանգնել է փաստի առաջ ու մեղադրում է երրորդ կողմին: Պուտինի հետ ամսի 27-ին ա հանդիպել, եկել էսօր կառավարության նիստում՝ ասում է՝ ռուսական կողմը ինչ պիտի անի: Բա գնացել էիր, բա աշխատեիր ռուսական կողմի հետ»:

Նա խայտառակություն է որակում այն, որ չլինելով պաշտոնական պատվիրակության կազմում՝ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանի դուստրը նրա հետ մեկնել էին Սանկտ Պետերբուրգ: Տարակուսած է նաեւ, թե վարչապետի պատվիրակության կազմում ի՞նչ գործառույթ էր վերապահված սանիտարահիգիենիկ ծառայության աշխատակցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031