Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ:
Նրա խոսքով, Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է. այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը:
«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահի զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը:
Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է:
Կարդացեք նաև
Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով, եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ «Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ»,- շեշտեց նա։
«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար, պետք է նաև»,- ընդգծեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ