Քիչ առաջ դատարանը (նախագահող դատավոր՝ Վահե Դոլմազյան) մերժեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Aravot.am-ը Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ որոշումն իրենց համար սպասելի՞ էր, ինչպե՞ս կմեկնաբանի այն։ Փաստաբանը պատասխանեց․ «Իրավական առումով այս որոշումը լիովին անհիմն է և իրավաբանության հետ կապ չունեցող։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում այս գործով այնքան անարդարություն ենք տեսել, որ լիովին սպասելի էր այս որոշումը»։
Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են։ Հետաքրքրվեցինք՝ դատարանը որոշման հիմքում ի՞նչ է դրել։ Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որոշմանը ծանոթացել ենք։ Որոշման մեջ հպանցիկ նշվել է՝ վկաների վրա ազդեցություն գործելու հավանականությունը բարձր է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ