«Ազատություն». Ադրբեջանն այսօր բողոքի նոտա է հղել Փարիզին՝ իր խորը մտահոգությունը հայտնելով «Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կողմնակալ և զրպարտչական արշավի առթիվ, որը չի արժանանում ֆրանսիական կառավարության անհրաժեշտ հակազդեցությանը»։ APA գործակալության փոխանցմամբ՝ բողոքի նոտան այսօր փոխանցվել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին։
Մեկնաբանելով Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարների կողմից Le Monde պարբերականում հրապարակված նամակին, որում այդ գործիչները պահանջում էին բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշում է. «Վերոհիշյալ նամակը Ֆրանսիայում իրականացվող հակաադրբեջանական քայլերի նպատակաուղղված և համակարգված շարունակությունն է։
Ադրբեջանական կողմը հրավիրում է Փարիզի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ հարկավոր է անհապաղ կերպով համապատասխան քայլեր ձեռնարկել ֆրանսիական կառավարության կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող արշավին վերջ տալու համար», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտայում։