Ինչ ջանքեր է գործադրել ՀՀ իշխանությունը՝ ուղղված Լաչինի միջանցքը բացելուն․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունը պատասխանատվությունը գցում է ՌԴ-ի վրա։
«Ինչքան ապուշի տեղ պետքէ դնեն սեփական ժողովրդին ու մնացածին, որ ասեն՝ Ռուսաստան, դո՛ւ ես պատասխանատուն, մեղավորը Լաչինի միջանցքը փակ պահելու համար, բայց ես չեմ գնում Ռուսաստան, որովհետեւ Լաչինի միջանցքը փակ է, դրա փոխարեն զանգում եմ Ֆրանսիա, Բրյուսել, Վաշինգտոն։ Էս կոմեդիան․․․ դու չես գնում այնտեղ, որտեղից կախված է Լաչինի միջանցքի բացումը, որովհետեւ դու Լաչինի միջանցքով ես զբաղված այն տեղերում, որտեղից կախված չէ բացումը։ Եթե դեմարշ էին ուզում անել, սա դեմարշ էլ չէ, դեմարշ էիք ուզում անել, չգնայիք Պետերբուրգ»,-ասաց Աշոտյանը։
Նա անդրադարձավ նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցին․ «Գրիգորյանին հարցրեցին՝ ընդդիմությունը մեղադրում է, որ դուք հրաժարվում եք Արցախից։ Արմեն Գրիգորյանը չի հերքում հարցում հնչած այդ կասկածը։ Սա է հարցազրույցի ամենասկանդալային մասը»։
Նա ասաց, որ ՀՀ-ն այդ դեմարշից չի շահի, եւ եթե հույսը Ֆրանսիան է, ապա Ֆրանսիան զորք չի ուղարկի Հարավային Կովկաս․ «Ֆրանսիայի պետական անվտանգային ռազմավարության մեջ նույնիսկ գաղափար չունի Հարավային Կովկաս զորք ուղարկելու։ Մերձավոր Արեւելք՝ ունի»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Գրիգորյանի՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը հայտարարությանը, Աշոտյանն ասաց՝ ՌԴ-ի եւ Բելառուսի Միութենական պետության մասին համաձայնագրում վերպետական քաղաքական փաստաթուղթ չկա․ «Ոչ մի կազմակերպություն չի ցանկանում խնդրահարույց երկրի ներառել իր կազմի մեջ։ Ինչ-որ մեկին թվում է, թե հիմա ինչ-որ մեկը կցանկանա, որ Հայաստանը լինի վերպետական մարմնի մա՞ս»։
Ապա Աշոտյանը դիմեց ռուս գործընկերներին ռուսերեն լեզվով, որպեսզի նրանք իր խոսքում հնչող նրբությունները հասկանան․ «Հարգելի ռուս գործընկերներ, մի՛ հեռացեք Լեռնային Ղարաբաղի խնդրից։ Միգուցե, այս խնդիրը ձեզ խանգարում է առաջ տանել Ռուսաստանի դերի մասին ձեր նոր նարատիվը գլոբալ աշխարհում, բայց մի հրաժարվեք այդ խնդրից, այն գոյություն ունի։ Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանի իրական վիճակը, որը կենսական նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի Դաշնության համար։ Որովհետեւ կա աշխարհաքաղաքական պարադոքս ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ։ Ռուսաստանի դերը հեռավոր արտասահմանում մեծացել է։ Մերձավոր արտասահմանում Ռուսաստանի դերը աղետալիորեն ընկնում է եւ Կենտրոնական Ասիայում, եւ Միջին Ասիայում եւ Հարավային Կովկասում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ